Լրահոս

30.03.2022 10:54


ՔՊ-ականները դեմ են Գյումրիում Զատիկը տոնելու նախագծին․«Հրապարակ»

ՔՊ-ականները դեմ են Գյումրիում Զատիկը տոնելու նախագծին․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գյումրու ավագանու արտահերթ նիստում երեկ բախում է առաջացել իշխող «Բալասանյան դաշինքի» և ՔՊ-ի միջև։ Քաղաքապետարանի մշակույթի բաժինն առաջարկել է ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը վերածել համաժողովրդական տոնի և այդ նպատակով Գյումրու բյուջեից հատկացնել 2 մլն 300 հազար դրամ: Տոնը մեկնարկելու է Յոթ Վերքի Սուրբ պատարագով, տեղափոխվելու է Կենտրոնական հրապարակ, սկսվելու է մեծ հավկիթախաղը, որի ընթացքում Երուսաղեմի ուղեգիր կխաղարկվի, և տոնախմբությունը կավարտվի ավանդական ժողովրդական երգերով: Ավագանու նիստում վեճ է սկսվել, և քննարկումն անցել է բավականին լարված մթնոլորտում: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդել է, թե Հրաշափառ Հարության տոնին իրենց խմբակցությունը դեմ չէ, բայց դեմ են նախագծին: Ի վերջո, չնայած ՔՊ-ական ավագանին դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է։ Բոլոր խմբակցությունների անդամները կողմ են արտահայտվել, և որոշումն ընդունվել է․ ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին գյումրեցիներին հրավիրել Գյումրի՝ Յոթ Վերք եկեղեցի, որտեղից կմեկնարկի Սուրբ Զատկի արարողությունը: Այս միջադեպի առնչությամբ մենք զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Սրբազան, ի՞ ն չ կասեք Գյումրու ավագանու որոշման մասին, քաղաքապետարանն այն Ձեզ հետ նախապես քննարկե՞լ էր:

- Այո, հրապարակում մեծ ժողովրդական տոնախմբություն է լինելու, վերածվելու է համաժողովրդականի: Ես՝ ինքս եմ առաջարկել: Ես 20 տարի շարունակ ասել եմ, որ ջանք թափենք, եկեղեցական տոները վերածենք ազգագրականի: Եկեղեցական բոլոր տոներն էլ ժողովրդական են եղել: Սուրբ պատարագից հետո, ոչ թե առաջ, սկսվել է ժողովրդական տոնախմբությունը: Վերջին 30 տարում էսպիսի փորձ չի արվել՝ վերականգնելու, ժողովրդական աստառը հանելու: Սովետն արգելեց, բայց հիմա ժամանակն է ազգագրական աստառը մեջտեղ հանելու: Վերջին տարիներին միայն մեռելոցի ենք վերածել, հասկանալի է՝ մարդկանց գերեզմաններից չես կարող կտրել: Հիմա նոր քաղաքապետը կարծես թե փորձեր է անում՝ վերականգնելու մեր արժեքները։ Ողջունում եմ: Սուրբ Զատկի պատարագից հետո Վարդանանց հրապարակում մեծ հավկիթախաղ է կազմակերպվելու, միավորվելու են բոլորը՝ տոնելու մեր Տիրոջ Սուրբ Հարությունը:

- Ասացին՝ Երուսաղեմի տո՞մս է խաղարկվելու․․․

- Է՜, թող լինի, հաղթողը Երուսաղեմ ուխտագնացության կմեկնի․․․

- Ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները նախագծին դեմ քվեարկեցին: Ի՞նչ կասեք:

- Ես իրենց չգիտեմ, չեմ ճանաչում, ոչ էլ հետաքրքիր է՝ դեմ են, թե կողմ, իրենց որոշումն է»:

Այս խորագրի վերջին նյութերը