Մեկնաբանություն

29.03.2022 11:44


Նիկոլը կրկին պատրաստվում է «կյանքեր եմ փրկել» օպերացիային

Նիկոլը կրկին պատրաստվում է «կյանքեր եմ փրկել» օպերացիային

Նիկոլ Փաշինյանը պատերազմ ու պարտություն բերեց։ Հետո արդարացավ, թե բա 25 հազարի կյանք եմ փրկել։

Այդ «կյանք փրկելը» դարձավ իր էժանագին փիառի մի մասը։ Հազարավորների գլուխը կերած, Արցախի պետականությունը հանձնած մարդը ներկայանում է որպես «կյանքեր փրկող խաղաղության աղավնի»։

Անվտանգության խորհրդի երեկվա նիստը հուշում է, որ Նիկոլը կրկին նույն տեխնոլոգիան է պատրաստվում կիրառել՝ ընդառաջ գնալով հերթական «նոյեմբերի 9»–ին։

Անվտանգության խորհրդում մի կողմից հայտարարել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի («հանրապետություն» բառն այս դեպքում չեն օգտագործել ճիշտ այնպես, ինչպես Արարատ Միրզոյանը չի հայտարարում, որ բացառում է Արցախի ներառումն Ադրբեջանի կազմի մեջ) ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, իսկ մյուս կողմից նույն նիստում ասել են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքել։

Ձեռքի հետ էլ դիմել են միջազգային հանրությանը, թե բա հասեք, թե չէ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտումներ իրականացնել։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիր են ուզում ստորագրել էթնիկ զտումների մտադրություն ունեցողի հետ։

Նախ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, ընդառաջ գնալով Թուրքիայի ու Ադրբեջանի պնդումներին, երեկ պատրաստակամություն է հայտնել ուղիղ բանակցել Ալիևի հետ, այլ ոչ թե միջնորդավորված, ինչպես որ նախկինում էին ուզում։

Եթե հիշում եք, նախկինում ասում էին՝ Բաքվի հետ ուղիղ շփումների փորձ չունենք, դրա համար խնդրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին միջնորդական առաքելություն իրականացնել հայ–ադրբեջանական բանակցություններում։ Երեկվա հայտարարության մեջ չկար այդ ձևակերպումը։ Միջնորդների թեման Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն փակել է։

Փոխարենը Նիկոլը հայտարարում է, որ թեև թշնամին պատրաստվում է էթնիկ զտում իրականացնել ու կռիվ սկսել, ինքը պատրաստ է խաղաղության պայմանագրի, այն էլ՝ անհապաղ։

«Թարգմանաբար» դա նշանակում է, որ Նիկոլը պատրաստվում է նոր կապիտուլյացիայի՝ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների շրջանակներում Արցախն Ադրբեջանի մաս կազմելու պատրաստակամությամբ։ Ու որպեսզի հիմնավորի հանձնվելու իր որոշումը, ուռճացնում է ադրբեջանական վտանգը։ Մինչդեռ պարզ է, որ Ադրբեջանն Արցախում, ներկա իրողությունները հաշվի առնելով, էթնիկ զտումներ չի կարող իրականացնել։ Քանզի այն իրականացնելուց առաջ պետք է պատերազմ հայտարարի Ռուսաստանին, հաղթի Մոսկվային, հեռացնի ռուս խաղաղապահներին Արցախից, ապա նոր միայն անցնի արցախահայությանը։ Հասկանալի է, որ նման բան չի կարող լինել։ Լոկալ բախումներ, ադրբեջանական փոքրիկ ստորություններ կարող են լինել, բայց լայնամասշտաբ պատերազմ ու էթնիկ զտումներ՝ ոչ։ Հետևաբար՝ Նիկոլի ասածների մեջ հակասություն կա։ Իսկ այդ հակասությունն այն բանի համար է, որ նա հերթական անգամ բավարարի Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին ու դա ներկայացնի որպես «կյանքեր փրկել»։

Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը ներքաղաքական փոփոխությունն է։ Նիկոլին պետք է վռնդել։ Հայաստանը նոր բանակցողով պետք է ներկայանա։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրականում կյանքեր փրկել, հասնել իրական ու արժանապատիվ խաղաղության։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը