Մեկնաբանություն

25.03.2022 18:35


«Խաղաղության դարաշրջանի» զոհերը և Սուրեն Պապիկյանի՝ Վեդիի քարոզարշավը

«Խաղաղության դարաշրջանի» զոհերը և Սուրեն Պապիկյանի՝ Վեդիի քարոզարշավը

Արցախում Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղության դարաշրջանը» շարունակվում է։ Կրկին ունենք զոհեր և վիրավորներ։ Թշնամին գրավել է հայկական տարածքներն ու կանգնել Խրամորթի հատվածում։ Գրավված է ռազմավարական նշանակության դիրք։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն օգտվում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ու ՀՀ իշխանությունների թուրքամետ կեցվածքից։

Ռուս խաղաղապահներն ակնհայտորեն չեն ուզում նեղացնել ադրբեջանցիներին, քանզի ստիպված կլինեն երկրորդ ճակատ բացել, ինչը կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվել ռուսների համար՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Արևմուտքի ուզածն էլ հենց դա է, որ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացվի Հարավային Կովկասում։ Իսկ թե ինչ կլինի այդ դեպքում Հայաստանի ու Արցախի հետ, Արևմուտքին չի մտահոգում։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն «բիզնես»։

Ռուս խաղաղապահների թեման պարզ է՝ իրենք չեն ուզում բախում ու տեղի են տալիս ադրբեջանական ախորժակին։ Իսկ հայե՞րը։ ՀՀ ու Արցախի իշխանություններն ինչո՞ւ չեն ինքնապաշտպանություն կազմակերպում։

Եթե մենք լոկալ հակահարված տանք, ապա Ադրբեջանը, Ռուսաստանի հետ մեծ մասշտաբի բախումից խուսափելու համար, չի պատերազմի Արցախի դեմ։ Լոկալ հակահարված ստանալով՝ Ադրբեջանը հետ կքաշվի ու խնդիրը կկարգավորվի։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» ռեժիմի մեջ է, ուստի Հայաստանի ու Արցախի սահմանները դարձել են «պռախադնոյ դվոռ»։

Շատ խորհրդանշական է, որ երկու թշնամիներով շրջապատված մեր երկիրը տևական ժամանակ է, ինչ չունի Գլխավոր շտաբի պետ, իսկ Պաշտպանության նախարար է նշանակվել բանակի հետ կապ չունեցող, բանակում ծառայելու տարիներին հանցագործության համար դատապարտված Սուրեն Պապիկյանը, ով այն պահին, երբ Ադրբեջանը վերցնում էր Փառուխն ու Քարագլուխը, Վեդիում «Կոկորդիլոս» Գարիկի օգտին քարոզ էր անում։ Վադիի քարոզարշավով Նիկոլն ու իր թիմակիցները ցույց են տալիս, թե որն է իրենց համար առաջնահերթություն՝ աթոռը և պաշտոնով պայմանավորված թալանը։

Նիկոլենց պատկերացրած «խաղաղության դարաշրջանի» բուն էությունը հենց դա է՝ իրենք թուրքերին են հանձնում նրանց ուզածները, և զուգահեռաբար զբաղվում են իշխանական աթոռները գրավելով։ «Իշխանական աթոռ՝ թուրքերի բոլոր նախապայմանների բավարարման դիմաց» բանաձևն է Նիկոլի պատկերացրած «խաղաղության դարաշրջանը»։

Ու քանի դեռ սրանք իշխանության են, թուրքը գրավելու է Արցախն էլ, Հայաստանն էլ։ Ու դրսի բոլոր ուժերը շտապելու են Հայաստանը հնարավորինս ծառայեցնել իրենց շահերին ու դարձնել առևտրի առարկա։ Ու նրանցից նեղանալն անմեղսունակություն կլինի։ Երբ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է Նիկոլը Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին քստմնելի առևտրի մեջ մտել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և դա հանդուրժվում է հայ ժողովրդի կողմից, ապա ինչո՞ւ իրենք չպետք է առևտուր անեն։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը