Քաղաքական

27.07.2011 14:43


Եթե կարծում ենք, թե վրացական կողմը «Թմկաբերդի առումը» չի կարդացել, սխալվում ենք

Եթե կարծում ենք, թե վրացական կողմը «Թմկաբերդի առումը» չի կարդացել, սխալվում ենք   ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Մինասյանն ու Ա. Մարտիրոսյանն այս օրերին ստիպեցին հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել Ջավախքի հիմնահարցի վրա: Նախ` մի քանի խոսք: Հարգարժան պատգամավորները մեկ ժամ չհանդուրժեցին էթնիկ հայկական տարածքում գոնե մեզ համար «ոչ այնքան» օտար լեզվին, արդարացիորեն այն համարեցին որպես բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների, միջազգային իրավունքի հիմնատարրերի կոպիտ ոտնահարում:  Կուզենայինք մեր վերնախավին այս օրինակով ևս մեկ անգամ հիշեցնել, որ ջավախահայությունն արդեն 20 տարի է, ինչ ամեն րոպե ու ամեն տեղ զգում է այդ նույն միջազգային օրենսդրության ոտնահարման դառը համը: Վերջիններիս հասցված վիրավորանքն իրականում անձնական չի կարող դիտվել: Վիրավորանքը հասցեագրված էր համայն հայությանը, իսկ առաջնահերթորեն` մեր պետությանն ու իշխանավորներին: Սակայն այլ բան է, թե մեր պետական այրերն այս ամենն ընկալում են նույնկե՞րպ, թե՞` «Արծվիկն ու Արմենն են էլի, թող լեզուներն իրենց պահեին, նրանք էլ թողեին խոսելու»: Հավատացած եմ, որ հայ գործիչներին հասցված ցանկացած վիրավորանքի ու հալածանքի պատճառները շատերը գուցե փնտրեն հենց այդ մարդկանց մեջ: «Շիրակը թող շատ չփորփրեր, հիմա հանգիստ կգնար-կգար»: Այո, մեր պայմաններում, ով պայքարում է հանուն իր ազգային արժանապատվության և հալածվում, ինքն է մեղավոր, քանի որ մեր օրերում տղամարդը տեղ չունի: Հիմա ստրուկն է հեղինակությունը, եթե ուզում ես «բարեկամություն», ապա հագիր դիմակդ, կորցրու խիղճդ ու մարդկային այլ հատկություններդ, դարձիր ռոբոտ, գնա և, ինչպես կասեր Մանթաշովը, բոլոր փակ սահմանները կբացվեն քո առաջ: Այս վիրավորանքներին չպատասխանելը ոչ թե կհանդարտեցնի վիճակը, այլ` իր մեջ ներառելով նորանոր զոհերի, տարածվելու է քաղցկեղի նման: Իսկ, եթե կարծում ենք, թե վրացական կողմը «Թմկաբերդի առումը» չի կարդացել, սխալվում ենք. մեր դեպքում` իր գործընկերոջ վրա չարախնդացողը նույն ճակատագրին է արժանանալու, սա` միանշանակ: Այնպես, որ մի գեղեցիկ օր հերթը հասնելու է մյուսներին, բոլորին, նաև`  «ամենաբարձրյալներին»: Ժամանակի խնդիր է: 1930-ականներին հայազգի ողջ իշխանավորները անխնայորեն իրենց գործընկերներին հանձնում էին Չեկայի ու Մեծ Եռյակի ձեռքը, հերթը իրենց էլ հասավ, բոլորին հասավ: Տարբերություն չկա: Կանացիակերպ այս քաղաքականությունից, ցավոք, վարակվել է նաև հասարակությունը: Այն պայմաններում, երբ տվյալ պետությունը նվաստացնում է քո հայրենակիցներին, երբ քո մտավորականների ու ուսուցիչների ձեռքից խլվում են գրքերն ու զոմբիացվում հենց սահմանի վրա, մարդ ինչպե՞ս, խղճի ի՞նչ չափաբաժնով է գնում Բաթում, ներդրումներ անում, լողափերում մսխում իր ամբողջ տարվա տքնաջան խնայողությունը: Ասում եմ Բաթում, չեմ ասում Անթալիա, որն իսկական ազգային դավաճանություն է: Անթասիբ ու անինքնասեր ենք, վրացին այստեղ մեղավոր չէ: Անցած տարվա թուրք-իսրայելական ծովային առճակատման պատճառով այս տարվա առաջին կիսամյակում իսրայելական զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում, ըստ հրապարակված տվայլների, իջել է 60%-ով: Սա կոչվում է ազգային արժանապատվություն, միաբանություն և թասիբ, իսկ մերը, մերն ուրիշ է: Մենք, սեփական խնդիրներից չարացած, փողերը կազմակերպված տանում ենք Բաթում, ազգովի վրեժ նք լուծում հայրենական իշխանությունների՞ց: Փոխանակ համախմբվենք տեղում և մեր երկիրը փոխենք, թքում ենք, գնում հարստացնում օտար բյուջեն, գալիս և ստրուկի պես շարունակում տքնել ու բողոքել, բողոքել ու ծնել նորանոր դժբախտություններ... Իսկ այս պայմաններում վրացական զիջողականություն սպասելը տխմարություն է. զիջում են ուժեղին, զիջում են տղամարդուն, բայց ոչ մեզ: Հետևաբար, չի բացառվում, որ հաջորդ տարի տերյանական տոնակատարություններն անցկացվեն վրացերենով (դե, ամեն ինչ միանգամից չի լինում): Արծվիկ Մինասյանն ու Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է էլ Ջավախքի երեսը չտեսնեն, իսկ մյուսները, ովքեր կուզենան «փառավոր» ելույթներ ունենալ, թող հիմիկվանից սկսեն վրացերենի պարապմունքները, դեռ մի տարի կա, մի քիչ դժվարությամբ, բայց հնարավոր է հասցնեն: Հա, մի բան էլ, էդ գրող-մրողներն էլ թող ինքնագլխություն չանեն, գիրք-միրք վերցնեն հետները, սահմանին հազար անգամ «բացատրում են» էլի չեն հասկանում էս մարդիկ, ամոթ է, մեր երկրի հեղինակությունն է, վրացիք ի՞նչ կմտածեն:

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը