Լրահոս

27.07.2011 13:00


Ոստիկանությունը Բրեյվիկի ֆերմայում պայթուցիկ է գտել և ոչնչացրել

Ոստիկանությունը Բրեյվիկի ֆերմայում պայթուցիկ է գտել և ոչնչացրել

Նորվեգիայի ոստիկանությունը հուլիսի 26–ին ոչնչացրել է Անդերս Բերինգ Բրեյվիկի ֆերմայում հայտնաբերած պայթուցիկ նյութերը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«Lenta.ru»–ն հայտնում է, որ ֆերմայում հայտնաբերված վտանգավոր նյութերի քանակը չի ճշտվում։ Ոստիկանները որոշել են չտեղափոխել գտնված պայթուցիկ նյութերը՝ պայթեցնելով դրանք հենց հայտնաբերված տեղում՝ մայրաքաղաք Օսլոյից 160 կմ հեռու Ռեն քաղաքում։ Պայթյունից ոչ ոք չի տուժել։

Ոստիկանության տվյալներով՝ Բրեյվիկը պայթուցիկները սարքել է հանքային պարարտանյութերի օգնությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 22–ին Նորվեգիայում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Սկզբում Օսլոյում աշխատել է պայթուցիկ սարքը, այնուհետև Բրեյվիկը ոստիկանական հագուստով անձամբ է կրակ բացել Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների զոհ է դարձել 76 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը