Մեկնաբանություն

24.03.2022 11:32


Արցախի հումանիտար աղետն ու Արևմուտքի «կուրությունը»

Արցախի հումանիտար աղետն ու Արևմուտքի «կուրությունը»

Ուկրաինական ճգնաժամը շատ ավելի վառ կերպով ներկայացրեց Արևմուտքի երկդիմի, երեսպաշտ, ցինիկ, փարիսեցիական քաղաքականությունը։

Արևմուտքը խոսում է մարդու իրավունքներից, բայց հանուն սեփական շահերի՝ Ռուսաստանի դեմ կռիվ է տալիս մինչև վերջին... ուկրաինացին։ Հիմա նաև՝ մինչև վերջին եվրոպացին։

Արևմուտքը խոսում է ժողովրդավարությունից, բայց աչք փակում Զելենսկու բռնատիրական որոշումների վրա։

Արևմուտքը խոսում է ազատությունից, բայց ազատության սահմանափակումների մեջ պահում սեփական ժողովրդին և ռուսատյացությունը հասցնում ֆաշիզմի։

Արևմուտքը հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար ժողովրդավարական ու համամարդկային արժեքները միայն ներքին օգտագործման համար են, այն էլ՝ մինչև որոշակի մակարդակ։ Այդ մակարդակը սահմանափակվում է աշխարհաքաղաքական, տնտեսական շահերով։ Այդ մակարդակից այն կողմ դեմագոգիա է ու երեսպաշտություն։ Ուղղակի կեղծիք։

Արևմտյան երեսպաշտությունն ու ճչացող «կուրությունը» երևաց նաև Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ։ Երևում է նաև հիմա։

Արցախում հումանիտար աղետ է։ Ադրբեջանցիները վնասել ու գազից զրկել են Արցախին, այն էլ՝ այս ցուրտ գարնանը։ Այս թեմայով հարցեր կան ուղղված Հայաստանի, Արցախի ղեկավարությանը, ինչպես նաև ռուսական կողմին։ Բայց այս ամենից զատ աչքի է ընկնում Արևմուտքի պահվածքը։

Արևմուտքում ողբում են Ուկրաինայի համար, բայց չեն նկատում Արցախում տեղի ունեցողը։ Ավելին, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնում Ալիևին՝ Ուկրաինային աջակցելու համար ու մոռանում Արցախում արձանագրվող հումանիտար աղետի մասին։ Դե որովհետև մարդու իրավունքները գործում են մինչև այնտեղ, որտեղ սկսում է աշխարհաքաղաքական ու տնտեսական շահը։ Մնացածը լոլոներ են ու դեմագոգիա։

Այս ամենն արձանագրում ենք ոչ թե նվնվալու, այլ ի գիտություն ընդունելու համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը