Լրահոս

27.07.2011 12:39


Թուրքիայի ԱԳՆ–ն Հայաստանի նախագահին քննադատող հաղորդագրություն է տարածել

Թուրքիայի ԱԳՆ–ն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին քննադատող հաղորդագրություն է տարածել։

–Մենք քննադատում ենք նախագահ Սարգսյանի՝ հուլիսի 25–ին Հայաստանում կայացած Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցի պատասխանը,–ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հայտարարության՝ իրենք քննադատում են Հայաստանի նախագահի մոտեցումը Ղարաբաղի  տարածքների, ինչպես նաև  Արևմյան Հայաստանը երբևէ վերադարձնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ուսանողի՝ «Ի՞նչ ապագա է սպասվում  Հայաստանին՝ Սևանում ոտքեր լվանալու տեղ չունենա՞լ, թե՞ Արարատ լեռով Արևմտյան Հայաստանի վերադարձ» հարցին, ասել էր, որ դա կախված է ապագա սերնդից, որովհետև իր սերունդը ղարաբաղյան հերոսամարտով արել է իր գործը, իսկ Արևմտյան Հայաստանի վերադարձի հարցն ապագա սերնդից է կախված։

–Պետական մարմինների  գլխավոր նպատակը պետք է լինի իր հասարակությանը, հատկապես երիտասարդությանը խաղաղության, կայունության և հարմարավետ ապագայի նախապատարաստելը։ Երիտասարդներին և ապագա սերնդին լրիվ հակառակ ուղղություն տալը՝ նրանց ատելության գաղափարախոսության և ազգերի միջև թշնամանք հրահրելու նպատակով, ծայրահեղ անպատասխանատու վարքագիծ է։ Այն ժամանակ, երբ ուժեղացվում են ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, Սարգսյանի հայտարարությունները խոսում են նրա՝ խաղաղություն չցանկանալու մասին։ Մենք  հավատում ենք, որ նրանք, ովքեր քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար, եզրակացություններ կանեն Սարգսյանի հայտարարություններից, որոնք մենք ափսոսանքով ենք արձանագրում,–ասված է Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը