Լրահոս

23.03.2022 18:24


Իշխան Սաղաթելյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ մարտի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ողջունելով հյուրերին՝ Իշխան Սաղաթելյանը ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների կարևորությունը: Տիկին դեսպանին ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի հանրապետությունները կանգնած են անվտանգության լրջագույն խնդիրների առջև: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան և Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը:

Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է հայտնել օրեր առաջ Արցախում ադրբեջանցիների կողմից պայթեցված գազատարի հարցով, որի հետևանքով շուրջ 100 հազար արցախցիներ կանգնած են հումանիտար աղետի առաջ: Այս համատեքստում շեշտել է միջազգային հանրության հստակ արձագանքի և կատարվող երևույթներին պատշաճ գնահատական տալու կարևորությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, այս ձևաչափը պետք է կարողանալ պահպանել՝ հակառակ Ադրբեջանի ցանկության»:

Դեսպանի հետ խոսել են նաև ներքաղաքական հարցերի մասին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկայացրել է ընդդիմության մոտեցումները և դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում մարդու իրավունքների և քաղաքական հետապնդումների խնդրով, մասնավորապես բարձրաձայնել է ապօրինի կալանավորված համայնքի ղեկավարների հարցը (Առուշ Առուշանյան, Մանվել Փարամազյան, Հարություն Մանուչարյան, Մամիկոն Ասլանյան, Արա Մկրտչյան) :

Իր հերթին դեսպան Անն Լույոն կարևորել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները և խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և հավաստիացրել, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումն անփոփոխ է, և խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը