Մեկնաբանություն

23.03.2022 11:06


Նիկոլի զրոները

Նիկոլի զրոները

Նիկոլ Փաշինյանը միանձնյա կառավարման մոդելի կողմնակից է։ Նա վախենում է սեփական «ես»–ն ունեցող մարդկանցից։ Դրա համար էլ այդպիսի թիմ է հավաքել։

Նիկոլի թիմակիցները նրա կողքին ոչինչ են, իսկ առանց Նիկոլ՝ ոչնչություն։

Նիկոլը համախոհներ է փնտրում զրոների մեջ, քանի որ վախկոտ է։ Ինքը հասկանում է կամ բնազդով զգում, որ եթե հանկարծ զրոյից տարբերվող մարդ հայտնվի իր շրջապատում, ապա դա կարող է վտանգավոր լինել։ Դրա համար էլ զրոների վրա է հենվում։

Նույնիսկ ծաղրածու Կարգին Հայկոյից վախեցավ Նիկոլը, որովհետև Երևանի նախկին քաղաքապետը ծաղրածու է, բայց անդեմ ու անհայտ չէ՝ Հայկոյին ճանաչում են բոլորը։

Զրոների վրա հենվելով՝ Նիկոլը զուգահեռաբար «կռտում» է պետական կառավարման համակարգը՝ այն դարձնելով անդեմ, կամակատար ու զրոյական։

Զրոյական կադրեր

Նիկոլի «զրոյական» քաղաքականությունը համապատասխան կադրային քաղաքականություն է ենթադրում։

Վերջին շրջանում Նիկոլը մի քանի նշանակումներ է արել (տե՛ս այս նյութին կից նկարը)։ Բոլորի դեպքում էլ ունենք զրոներ։

Եթե ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուն հարցնեն, թե ով է Երևանի նոր քաղաքապետը, Մարդու իրավունքների նոր պաշտպանը, ՀՀ նոր նախագահը, Պաշտպանության նոր նախարարը, ապա ճնշող մեծամասնությունն այս չորսի անունը միանգամից չի կարողանա ասել։

Ավելին՝ քաղաքական ու տեղեկատվական դաշտի խաղացողներին ու քաղաքական կյանքին ակտիվորեն հետևողներն անգամ կդժվարանան այս չորսին, առանց համացանցի որոնողական համակարգի օգնությանը դիմելու, թվարկել անուն ազգանուններով։

ՀՀ նախագահ է նշանակվել Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը։

ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել Քրիստինե Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետ է նշանակվել Հրաչյա Սարգսյանը։

Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ ինքս այս չորսից երկուսի անուն ազգանունը «գուգլով» եմ փնտրել։ Չէի մտապահել անունները։

Այս չորսն էլ ընդհանուր բան ունեն՝ կամակատար են, ապաքաղաքական, անդեմ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ, հանրային ճանաչողության ցածր մակարդակ ունեցող։ Մի խոսքով՝ զրո։ Իսկը Նիկոլի կադրեր։

Սրանցից համեմատաբար Սուրեն Պապիկյանը կարող է ճանաչված լինել, քանզի Նիկոլի փող աշխատող գործիքներից է, շատերի հետ է սկսել ասֆալտի գործով, ասֆալտի հետևանքով տալ ու առնել։ Ինչ մնում է նրա պրոֆեսիոնալ որակներին, ապա բանակի հետ Պապիկյան Սուրենը կապ ունի այնքանով, որ ծառայելու տարիներին հանցագործություն է կատարել ու դրա համար դատվել։

Ահա այսպես են «կռտվում» պետական ինստիտուտները՝ Նիկոլի վախերի, կոմպլեքսների և պաթոլոգիկ ագահության արդյունքում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը