Մեկնաբանություն

23.03.2022 00:54


Ինչու է վախեցած Արարատ (Arabat) Միրզոյանը

Ինչու է վախեցած Արարատ (Arabat) Միրզոյանը

Ալիևը Փաշինյան Նիկոլին 5 կետանոց առաջարկ է ներկայացրել։ Այդ առաջարկով Բաքուն ուզում է պաշտոնական Երևանից ստանալ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու համաձայնություն։

Նիկոլից ծպտուն չի լսվում (Նիկոլն Ալիևից անձնական վիրավորանք ստանալիս էլ բերանը ջուր է առնում, վախենում է), ինչը տվյալ դեպքում որպես համաձայնության նշան է դառնում։ Նիկոլի փոխարեն խոսել է Արարատ Միրզոյանը, որն Անթալիայում թուրք պաշտանակցին հանդիպելիս բերանը լայն բացել էր, և որին Անտալիայում ներկայացրել էին որպես Arabat Mirzoyan:

Միրզոյանն ասել է, որ իրենց համար մեծ հաշվով այդ 5 կետերի մեջ ոչ մի անընդունելի բան չկա։ Նա ասել է նաև, որ լավ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցեն՝ ձեռքի հետ էլ հստակեցնեն Արցախի կարգավիճակը։ Բայց չի ասել, թե իրենց օրակարգը որն է։ Խաղաղություն մուրալն օրակարգ չէ։

Որքան էլ որ ընդդիմադիր պատգամավորները փակ կամ բաց հանդիպումների ժամանակ փորձում են Arabat–ից հստակ պատասխան ստանալ, թե արդյոք ինքը բացառո՞ւմ է, որ Արցախը որևէ կարգավիճակով կարող է լինել Ադրբեջանի կազմում, նա խուսափում է հստակ պատասխանից։ Այսինքն՝ չի ասում, որ իրենց կարմիր գիծը բացառում է Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Իսկ դա անուղղակիորեն նշանակում է, որ սրանք Ղարաբաղի խնդրից վերջնականապես են ուզում ազատվել՝ «խաղաղության» դիմաց։ Ավելի ճիշտ՝ իրենց աթոռները պահելու և այդ հարցում մեր թշնամիներից աջակցություն ստանալու դիմաց։

Անկեղծ ասած, այս ամենը զարմանալի չէ։ Եթե Նիկոլն անընդհատ ադրբեջանամետ հայտարարություններ է անում, թե բա՝ Ղարաբաղը կորցրել է անգամ տեսական հնարավորությունն Ադրբեջանի կազմում չլինելու, Arabat–ից ուրիշ ի՞նչ սպասել։ Նրան Նիկոլը հենց դրա համար է նախարար նշանակել, որ իր գիծն առաջ տանի։ Թուրքամետ գիծը։

Սրանք Ալիևից վախեցած Արցախ չեն այցելում ու Արցախը հանել են իրենց մտքից (վաղուց էին հանել), էլ ուր մնաց թե բացառեն Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարը։

Ուշագրավն այն է, որ սրանք իրենց թուրք–ադրբեջանական օրակարգն առաջ են տանում 680 հազարի անունից։ Ասում են մեզ քվե են տվել, որ խաղաղություն բերենք։ Խաղաղություն, իհարկե, չեն բերում ու նախապատրաստում են մի նոր արհավիրք, բայց լկտիություն ունեն ժողովրդի անունից խոսել։ Այս հարցում իր մեղավորությունն ունի նաև ընդդիմությունը, բայց սա արձանագրելով խնդիրը չի փոխվում։ Խնդիրն իշխանափոխությունն է։ Խնդիրը պարտության խորհրդանիշից Հայաստանն ազատելն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը