Քաղաքական

19.03.2022 20:46


Միլիոնավոր դրամի ասֆալտի գնման գործ միայն մեկ անձից

Միլիոնավոր դրամի ասֆալտի գնման գործ միայն մեկ անձից

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանը մեկ անձից գնման վերաբերյալ հերթական նախագիծն է ներկայացրել Կառավարության հավանությանը` ասֆալտապատում միլիոնավոր դրամների արժողությամբ։

Թեև արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ Գնել Սանոսյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ հայկական զորքը հետ է քաշվել Սյունիքն անառիկ պահող դիրքերից, ճանապարհները հանձնվել են Ադրբեջանին, այդուամենայնիվ Հայաստանի կառավարությունը շարունակում է որպես հրատապ նախագիծ քննել ու որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին և մեկ անձից գնման ընթացակարգով իրականացնել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի՝ ինչպես նախագծումը, այնպես էլ՝ կառուցումը։

«Առաջարկվում է անհետաձգելի համարել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ծառայություններն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով ՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա»,- նշված է Կառավարության ընդունած որոշման մեջ:

Գնել Սանոսյանի ներկայացրած նախագծի առնչությամբ Ֆինանսների նախարարությունը առարկություններ է ներկայացրել՝ ընդգծելով, որ մեկ անձից գնման վերաբերյալ ներկայացված նախագիծը չի պարունակում տեղեկատվություն ծառայությունների գնման համար անհրաժեշտ և սահմանված կարգով հաստատված ֆինանսական միջոցների առկայության կամ նոր հատկացումներ կատարելու վերաբերյալ:

Սանոսյանն իր ներկայացրած նախագծում այդ առարկություններից հետո որևէ փոփոխություն չի կատարել և Կառավարությունն էլ Ֆինանսների նախարարության մատնանշած անհստակություններով ու անորոշություններով հաստատել է նախագիծը՝ համալրելով ասֆալտի գործով մեկ անձից արված միլիոնավոր դրամի գնումների շարքը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը