Մեկնաբանություն

14.01.2011 16:19


Մշակույթի նախարարի հակամշակութային քայլը

Մշակույթի նախարարի հակամշակութային քայլը

ՀՀ կառավարությունը 2010թ. օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշման 11-րդ կետի համաձայն՝ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, և պետք է  ի գիտություն ընդունել, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի իրավահաջորդն է, ու վերջինիս իրավունքներն ու պարտականություններն անցնում են Երևանի մշակույթի պետական քոլեջին՝ փոխանցման ակտին համապատասխան։

Ուշագրավ է, որ Մշակույթի նախարարությունը քոլեջը լուծարելու մասին  մարդկանց տեղյակ է պահել միայն վերջերս։

Ի դեպ, նախկինում էլ նման խոսակցություններ եղել են և խնդրի առնչությամբ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրինությունն  ու դասախոսական կազմը հանդիպել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ և փորձել են խնդիրը պարզել։ Քոլեջի դասախոս Գևորգ Անդրիկյանը «7օր»-ին փոխանցել է, որ հանդիպման ժամանակ Մշակույթի նախարարը հավաստիացրել է, թե Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը լուծարելու և Երևանի մշակույթի պետական քոլեջին ձուլելու խնդիր չկա, սակայն 2010թ. դեկտեմբերին խնդիրը կրկին բարձրացվել է, քանի որ որոշումն արդեն պետք է ուժի մեջ մտնի։

- Մենք հանդիպել ենք նախարարին, սակայն նախարարը հայտարարեց՝ նման բան չկա, ձեզ ով է ասում, որ դուք պետք է լուծարվեք։ Բայց փաստաթղթում հստակ նշված է, որ իրավահաջորդն արդեն Մշակույթի քոլեջն  է, մենք լուծարվում ենք։ Միանշանակ՝ մեզ խաբել են,- նկատել է Գ. Անդրիկյանը։

Գևորգ Անդրիկյանը վստահեցրել է, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել էր հանդիպել քոլեջի աշխատակազմի հետ, բայց այդպես էլ չի եկել հանդիպման։

Փաստորեն ստացվում է, որ Հ. Պողոսյանը խաբել է քոլեջի աշխատակիցներին։

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ղեկավարությունը և դասախոսական կազմը վրդովված է, որ 30 տարվա պատմություն ունեցող ուսումնական հաստատությունը կցվում է 7-8 տարվա պատմություն ունեցող մի հաստատության։

-Տարբեր երկրներից  մարդիկ են գալիս մեր քոլեջ սովորելու։ Աշխարհում պայքար է գնում, որ բրենդ ստեղծեն, որպեսզի գնան իրենց մոտ սովորեն, իսկ մենք այդ բրենդն ունենք ու վերացնում ենք։ Սա մի հակա քայլ է, որը մեծ վնաս է տալիս և՛ ուսումնական գործընթացին, որովեհտև մենք որակյալ կադրեր ենք տալիս, և՛ մշակույթին, որովհետև մեր կադրերը Հայաստանը ներկայցնում են ամբողջ աշխարհում։ Այնքան հեշտ  է քանդելը, բրենդ ստեղծելն է դժվար,- պնդում էր կոմպոզիտոր, տեսական առարկաների՝ սոլֆեջիոյի, հարմոնիայի դասախոս Ստեփան Բաբաթորոսյանը։

Նշենք, որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում սովորել են հայկական էստրադայի բազում դեմքեր, ինչպիսիք են մասնավորապես՝  Սյուզան Մարգարյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը։ Քոլեջում դասավանդել են Էլեվինա Մակարյանը, Էռնա Յուզբաշյանը, և  այսօր էլ դասավանդում են հայտնի արվեստագետներ Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ակսել Բակունցը և այլոք։

«7 օրի» խմբագրություն այցելած Երևանի էստրադային և ջազային քոլեջի ներկայացուցիչները ցանկանում էին մեր կայքի միջոցով նախարարությանը հիշեցնել, որ նման կրթական հաստատություն ԽՍՀՄ տարիներին կար միայն Մոսկվայունմ, Կիևում և Երևանում։ Նրանց խոսքերով, կայացած հաստատությունները քանդելով մեր երկիրը չի կարող արժեքներ ստեղծել։

-Մենք պահանջում ենք վերանայել նախարարության որոշումը և կարող ենք բազում հիմնավորումներ ներկայացնել,–քոլեջի ողջ անձնակազմի անունից հանդես գալով՝ ասել է դասախոս Գևորգ Անդրիկյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը