Քաղաքական

26.07.2011 16:29


Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում որոշում են կայացնում վերաբնակվել Ռուսաստանում

Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում որոշում են կայացնում վերաբնակվել Ռուսաստանում

Այսօր Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմառն անդրադարձել է վերջին շրջանում մամուլում քննարկվող Հայաստանից մեծ ծավալներով արտագաղթի խնդրին: Արտագաղթելու համար ամենանախընտրելի երկիրը դիտարկվում է Ռուսաստանի Դաշնությունը, ուր, ըստ խոսակցությունների, մեծ թվով հայեր են մեկնում արտագնա աշխատանքի և վերաբնակվելու: Վասիլի Կորչմառի կարծիքով մամուլում ներկայացված տեղեկատվությունը հիմնականում չափազանցված է, և ինքը չի տիրապետում այն տեղեկությանը՝ ըստ որի Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են արտագաղթում Ռուսաստան:

–Ես կարող եմ ասել, որ վերջին 4 տարիների ընթացքում, դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, «Հայրենակիցներ» ծրագրով Հայաստանը լքել է ընդամենը 600 ընտանիք: Նրանք ինքնակամ վերաբնակվել են Ռուսաստանի Դաշնությունում,-ասել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմառը:

Հյուպատոսը նաև տեղեկացրել է, որ ներկայումս տարածված է աշխատանքային միգրացիան, որի ընթացքում կրկին Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում որոշում են կայացնում վերաբնակվել Ռուսաստանում։

–Գործընթացը շարունակվում է, աշխատանքային խմբերը մեկնում են, իսկ թե քանիսն են որոշում վերաբնակվել, ես դեռևս տեղեկություն չունեմ, քանի որ ամողջ վիճակագրությունը Երևանում է պահվում: Թե ովքեր են վերջնականապես որոշում հեռանալ, չգիտեմ, բայց համոզված եմ, որ այդ մարդկանց թիվը շատ չէ,- նշել է Վասիլի Կորչմառը: Հյուպատոսը նաև անդրադարձել է ռուսական կողմի հատկացրած 500 մլն դոլարի վարկին։

–Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, կարող եմ ասել, որ ռուսական կողմը 500 մլն դոլարի վարկ է տրամադրել հայկական կողմին, որը վերջինս  նպատակային կերպով է ծախսում Շիրակի մարզում: Անցյալ տարի մոտավորապես 240 մլն դոլար է ուղղորդվել երկրաշարժի հետևանքով անօթևանների համար բնակարանների կառուցման համար: Այս տարի ևս, լավ չեմ հիշում՝ 72, թե 78 մլն դոլար այդ նույն ծրագրով ուղղորդվելու է անօթևանների համար բնակարանների կառուցմանը: Տարվա վերջին ՀՀ կառավարությունը և մարզի ղեկավարությունը խոստանում են, որ երկրաշարժի հետևանքով անօթևաններ այլևս չեն լինելու,– ասել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմառը:

Նշենք, որ անօթևանների համար մասշտաբային շինարարությունն ուղակի և անուղղակի կերպով ներկայացվում է որպես Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնություն և նախընտրական ծրագրի կետերից մեկի կյանքի կոչում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը