Կարծիք

17.03.2022 10:51


ՊՆ-ն լեգիտիմացնում է թշնամու կողմից ՀՀ տարածքների ռազմակալումը

ՊՆ-ն լեգիտիմացնում է թշնամու կողմից ՀՀ տարածքների ռազմակալումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐԿԻՆ ՆԵԽՈՒԺԵԼ Է ՀՀ ՏԱՐԱԾՔ․ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊՆ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱԼՈՒՄԸ- Մաս 2

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Մարտի 3-5-ը Ադրբեջանի զինված ուժերը գրեթե 1 կմ ներխուժել են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածք, արդեն տեղադրել են 5 վրան և դեպի «իրենց նոր դիրքեր» տանող ճանապարհ են կառուցում։

ԻՆՉՊԵ՞Ս

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով՝ պատերազմից հետո գյուղի սահմանային այդ հատվածում ընդամենը երկու դիրք (պոստ) ենք ունեցել, որոնց միջև միջդիրքային տարածությունը 2-3 կիլոմետր է եղել։ Այդ երկու դիրքերի արանքով էլ թշնամին աննկատ ու անարգել ներխուժել է գյուղի տարածք և դիրքավորվել։

ԻՆՉՈՒ՞․ ՀԱՐՑԵՐ ՊՆ-ԻՆ

1) Ներքին Հանդը այն տասնյակ գյուղերից մեկն է, որը 44-օրյա պատերազմում մեր պարտության հետևանքով դարձել է սահմանային, որի բնակելի տները նոր բնագծից հեռու են ընդամենը 300 մետրից մինչև առավելագույնս 2 կիլոմետր։ Ենթադրվում է, որ հատկապես գյուղը եզրագծող առաջնագծում իրար բավականին մոտ դիրքեր պիտի կառուցվեին, որպեսզի հնարավոր լիներ դիտարկել ողջ առաջնագիծը և առավելագույնս ապահովել սահմանի և բնակավայրի անվտանգությունը։

Այս պարագայում այդ ինչպե՞ս է ստացվել, որ նման վտանգավոր, անտառային և դժվար դիտարկելի տեղանքում դիրքեր են կառուցվել իրարից 2-3 կիլոմետր հեռու։

Ստացվում է առաջնագծի կիլոմետրեր ձգվող հատվածներ չեն հսկվել, չեն դիտարկվել, և թշնամին հնարավորություն է ունեցել անարգել ու աննկատ մտնել գյուղի տարածք, ինչն էլ արել է։

2) Եթե անգամ ենթադրենք, որ իրար մոտ բավարար դիրքեր չկառուցելու պատճառը այդ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անհրաժեշտ թվով զինծառայողներ չունենալն է, ապա լուծումն այդ պարագայում կարող էր լինել միջդիրքային տարածությունների ականապատումը։

Պատերազմից հետո այս 15 ամիսների ընթացքում ինչու՞ չեն ականապատվել բնագծի առավել վտանգավոր հատվածներում միջդիրքային տարածությունները։

3) Գյուղի բնակիչների կողմից ադրբեջանական զինծառայողների ներխուժումը նկատելուց հետո ինչու՞ որևէ քայլ չի արվել՝ թշնամուն ելման դիրքեր շպրտելու համար։ Ինչու՞ են հայկական զինված ուժերը թշնամուն հետ շպրտելու փոխարեն բավարարվել ընդամենը նրանց նոր դիրքերի դիմաց մի "պոստ" դնելով։

4) Ի վերջո, ինչու՞ ՀՀ զինված ուժերը չեն կատարում ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետով իրենց վրա դրված պարտավորությունները՝ չեն ապահովում "Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը"։

ՊՆ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱԼՈՒՄԸ

Ադրբեջանական ներխուժման՝ ժողովրդից թաքուն պահված փաստը հայտնի դառնալուց հետո ՊՆ-ն ներխուժումը "կտրականապես հերքող" զավեշտալի, բայց միևնույն ժամանակ անչափ վտանգավոր հայտարարություն է տարածում, թե իբր այդ տարածքներն ադրբեջանական վերահսկողության ներքո են եղել, այդտեղ նրանք դիրքեր են ունեցել, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմռանը հնարավոր չի եղել օգտագործել, իսկ հիմա գարուն է, ադրբեջանցիները հետ են եկել "իրենց" դիրքեր։

Նախ՝ տարածքին թեկուզ մի փոքր ծանոթ յուրաքանչյուր ոք գիտե, որ Ներքին Հանդում գրեթե ձմեռ չի լինում, ձյուն հազվադեպ է գալիս, գրեթե ողջ ձմեռ գյուղի անասունները արոտավայրերում են լինում, իսկ գյուղացիները իրենց դաշտերից կանաչի են հավաքում։ Այնպես որ Սոթքում, Սյունիքի ու Գեղարքունիքի լեռներում ձմեռը լավ դիրքավորված թշնամին անգամ տեսականորեն չէր կարող "մրսել" Ներքին Հանդում և ամիսներով թողներ "իր դիրքերը"։ Այս մասին խոսելն իսկ ավելորդ է։

Երկրորդ՝ այդ տարածքում երբեք ադրբեջանական դիրքեր չեն եղել, այլապես 15 ամիս իրենց դաշտերում ու այգիներում աշխատանքներ կատարող, իրենց անասունը արոտ տանող, հին Ներքին Հանդ իրենց հարազատների շիրիմներին այցելող գյուղի բնակիչներն ադրբեջանցի զինծառայողներին ու նրանց դիրքերը հաստատ նկատած ու տեսած կլինեին։ Ավելին՝ անգամ "գուգլմեփյան" սահմանագծում-սահմանազատման պարագայում այն տարածքը, ուր այսօր ներխուժել ու տեղակայվել է թշնամին, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։

Եվ երրորդ՝ ՊՆ-ն իր այս հայտարարությամբ փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքը զիջում է Ադրբեջանին, լեգիտիմացնում է ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում և հերթական նախադեպը ստեղծում թշնամու կողմից ՀՀ տարածքի հետագա ռազմակալումների համար։

Ի դեպ, Ներքին Հանդ-Ծավ գյուղերի քիչ ավելի հարավ ընկած տարածք թշնամին մինչև 1,2 կմ ներխուժել էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ անգամ էլ թշնամին հետ չէր շպրտվել, իսկ ներխուժման փաստի մասին իմացվել էր գրեթե մեկ տարի անց՝ 2021 թ․-ի հոկտեմբերին․․․

Փաստացի ստացվում է, որ ՀՀ ՊՆ-ն չի կատարում սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները և իր հայտարարություններով լեգիտիմացնում է թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների ռազմակալումը։

Ալվինա Աղաբաբյան

«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը