Քաղաքական

26.07.2011 12:56


Արծվիկ Մինասյանին ու Արմեն Մարտիրոսյանին թույլ չեն տվել Ջավախքում ելույթ ունենալ

Արծվիկ Մինասյանին ու Արմեն Մարտիրոսյանին թույլ չեն տվել Ջավախքում ելույթ ունենալ

Այսօր համատեղ մամլո ասուլիսին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ  խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը խոսել են ջավախահայության խնդիրներից՝ հատկապես անդրադառնալով իրենց այցին Ջավախք և դրա հետ կապված միջադեպին։ Բանն այն է, որ հուլիսի 24-ին Ջավախքում կազմակերպվել է Վահան Տերյանին նվիրված միջացառում, որի ժամանակ պետք է ելույթ ունենային նաև Արծվիկ Մինասյանը ու Արմեն Մարտիրոսյանը։ Սակայն նրանց թույլ չեն տվել ելույթ ունենալ, իսկ երբ ամբիոն է բարձրացել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Ուզունյանը, խոսափողը ելույթի կեսից անջատվել է, ավելի ճիշտ՝ անջատել են։ Ընդ որում, Մարտիրոսյանի ու Մինասյանի համոզմամբ՝ այդ ամենը Վրաստանի անվտանգության ուժերի ձեռքի գործն է։

-Ցավալին այն է, որ Վրաստանի կողմից իրականացվող այս հակահայկական քաղաքականությանը կամա թե ակամա աջակցում են նաև Հայաստանի իշխանությունները իրենց կրավորական կեցվածքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև պահվածքով։ Ու սա այն դեպքում, երբ դեռ 2009թ. սեպտեմբերին ՀՀ նախագահը հայտարարել էր, թե Ջավախքի հարցում «պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական ու սկզբունքային» և  «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքով առաջնորդվենք։ Եթե նրբանկատությունն այն է, որ ՀՀ պատգամավորները չպետք է խոսեն Ջավախքում առկա խնդիրների մասին, եթե նրբանկատությունն այն է, որ թույլ չի տրվում պատգամավորին մուտք գործել Ջավախք, եթե նրբանկատությունն այն է, որ հայկական գրականությունը չի կարողանում մտնել Ջավախք, ապա այդ դեպքում, կարծում եմ, Վրաստանի իշխանությունները բացահայտ կերպով իրականացնում է հակահայկական քաղաքականություն «բարեկամության» շղարշի տակ,–հայտարարել է Արծվիկ Մինասյանը։

Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին շեշտել է, որ այդ նույն միջոցառումը կազմակերպվել էր ռուսերենով, այնինչ ակնհայտ է, որ Վրաստանում բացահյտ ռուսատյացություն է տիրում։

-Այսինքն` հայոց լեզուն Վրաստանի համար շատ ավելի վտանգավոր է, թշնամական, քան ռուսերենը: Եվ այս ամենը ավելի խորանում է։ Այստեղ շատ կարևոր դեր ունեն ՀՀ իշխանությունները։ Իրենց այս պահվածքը՝ վրացական կողմի նման դրսևորումներին անընդհատ «կուլ գնալը», բերում է խնդիրների խորացմանը, ոչ թե լուծմանը,–ընգծել է Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը