Մեկնաբանություն

15.03.2022 14:50


Կհամաձայնի՞ Փաշինյանն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում

Կհամաձայնի՞ Փաշինյանն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում

Վերնագրում նշված հարցը ձևական է, քանզի Նիկոլ Փաշինյանը վաղուց է համաձայնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։ Նա դրան համաձայն էր 1998–ի իշխանափոխությունից առաջ, «Թուրքական Հայկական ժամանակ» թերթոնը խմբագրելիս, 2008–ի նախագահական ընտրություններին մասնակցելիս («Լե–վո՛ն, Լե–վո՛ն, Լե–վո՛ն ․․․), Ալիևի հետ բանակցելիս, պատերազմ բերելիս, պարտություն բերելիս, Արցախի պետականությունը հանձնելիս ․․․ Մի՛շտ։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ինքնաասուլիսներ է տալիս ու «հիմնավորում», որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Պաշտպանության նախարարությունն արդարացնում է մեր թշնամիների առաջխաղացումը ՀՀ տարածքում, թե բա՝ տաքերն ընկան ու ադրբեջանցիները վերադարձան իրենց դիրքեր (սրանք էնտուզիազմով պաշտպանում են Ադրբեջանի «էյվազլիական» շահերը)։

Արարատ Միրզոյանն էլ թուրք տեսնելիս բերանը լայն բացում է մինչև աղիքները։ Բայց այս ամենը թուրք–ադրբեջանական տանդեմին չի բավարարում։ Նրանք գրավոր են ուզում ստանալ այն, ինչը բանավոր ամեն օր հայտարարում է Նիկոլը՝ փորձելով նախապես արդարացնել իր հանձնելիքը և ապահովել ալիբի՝ «Ես ի՞նչ կարող էի անել, հրե՛ն, նախորդ դարի 90–ականներից Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը» դեմագոգիկ թեմայով։

Ադրբեջանը 5–կետանոց պահանջ է ներկայացրել, որպեսզի «խաղաղություն» հաստատի։ Դրանք իրականում ՀՀ–ի ղազագրի, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, Հայաստանի սահմանները կրճատելու մասին են։ Դա նոր պատերազմի հայտարարման անոնսն է։

Միակ կետը, որ կարող է հետաքրքրել անձամբ Նիկոլին, քողարկված ձևով իր իշխանությանն աջակցելու 5–րդ կետն է։

Նիկոլն այս պահին դեռ փորձում է ձգել՝ զուգահեռաբար բանակցելով Թուրքիայի հետ։ Նիկոլը ձգում է, ոչ թե որ ուզում է Արցախի համար կռիվ տալ, այլ վախենում է, որ աթոռը կկորցնի։

Նիկոլը հույս ունի, որ Թուրքիային զիջելով Հայոց ցեղասպանության ու Կարսի պայմանագրին առնչվող հարցերը՝ ինքը կկարողանա բավարարել նրանց ու աթոռը Թուրքիայի միջոցով պահել, սակայն պաշտոնական Անկարան չի էլ թաքցնում, որ ՀՀ–ի հետ բանակցում է Ադրբեջանի հետ կոորդինացված։ Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն Բաքուն, այլ նաև Անկարան է Երևանին 5–կետանոց ղազագիր դեմ տվել։

Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկանում են, որ իրենց հաճախորդ Նիկոլն այս պահին չի կարող ընդունել այդ կետերը և փորձելու է ժամանակ ձգել։ Հասկանում են, բայց այդուհանդերձ պայմաններ են դեմ տալիս ու հիմքեր նախապատրաստում ՀՀ–ի վրա հարձակման համար։ Մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Հենց ՌԴ–ն խնդիրներ ունեցավ, Ադրբեջանն անցնելու է գրոհի։ Ուշագրավն այն է, որ այս սցենարին կողմ են արտահայտվում նաև «տնաբույծ» ռուսատյացները՝ «բալետ» անելով Ուկրաինայի օգտին, այսինքն՝ Թուրքիայի օգտին ու Հայաստանի դեմ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը