Լրահոս

26.07.2011 10:45


Օբաման ու Կոնգրեսի խոսնակը հեռուստաեթերում փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 25–ի երեկոյան հեռուստաեթերով ելույթ է ունեցել՝ նվիրված բյուջետային ճգնաժամին։ Ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, պետության ղեկավարը հայտարարել է, թե ճգնաժամը հաղթահարելու  վերաբերյալ համաձայնության գալու միակ խոչընդոտը հանրապետական կոնգրեսականների դիրքորոշումն է, որոնք միայն մեկ մեթոդ են ընդունում՝ պետական ծախսերի կրճատում։

Օբաման զգուշացրել է, որ ամերիկյան ազգը հայտնվել է դեֆոլտից վտանգավոր  հեռավորության վրա։

Իր ելույթում նախագահը քննադատել է բյուջեի դեֆիցիտի նվազեցման հանրապետականների առաջարկած ծրագիրը՝ այն համարելով  միակողմանի։ Նա նաև  հայտարարել է, թե պետական պարտքի շեմի ավելացման վերաբերյալ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյների առաջարկած միջոցները հնարավորություն կտան դեֆոլտը հետաձգել միայն կես տարով։

–Այլ խոսքերով ասած՝ դա խնդիրը չի լուծի,–ընդգծել է Օբաման։

Նախագահի ելույթից անմիջապես հետո հեռուստաընկերությունները ցուցադրել են  Ջոն Բեյների հաղորդագրությունը, որտեղ Կոնգրեսի խոսնական իր հերթին քննադատել է երկրի ղեկավարի դիրքորոշումը։

–Նախագահը հաճախ ասում է, թե մեզ անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցում, որի տակ Վաշինգտոնում ենթադրում են՝ մենք ծախսում ենք շատ, դուք վճարում եք շատ,–ասել է խոսնակը՝ ակնհայտ ակնարկելով, որ Օբաման ցանկանում է բարձրացնել  հարկերը, որպեսզի որքան հնարավոր է քիչ կրճատի պետկան ծախսերը։

–Տխուր իրականությունն այն է, որ նախագահը կես տարի առաջ ուզում էր  «քարտ–բլանշ» ստանալ և ուզում է նաև այսօր։ Բայց դա չի լինի,–հայտարարել է Բեյները։

«Ասոշիեյթեդ փրես»–ն ընդգծում է, որ հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում այդպես էլ համաձայնության չեն կարողացել գալ և վերջերս կրկին ճգնաժամից դուրս գալու երկու տարբեր  ծրագրեր են ներկայացրել։

Սպիտակ տունն ու Կոնգրեսն արդեն մի քանի  ամիս է՝ չեն կարողանում 2012թ. ԱՄՆ ֆինանսական տարվա վերաբերյալ համաձայնության գալ։ Ե՛վ հանրապետական կոնգրեսականները, և՛  նրանց դեմոկրատ գործընկերները պաշտպանոմ  են Օբամայի վարչակազմի այն դիրքորոշումը, թե անհրաժեշտ է կրճատել  պետական ծախսերն ու բարձրացնել պետական պարտքի շեմը, սակայն չեն կարողանում համաձայնության գալ մանրամասների  շուրջ։

Բացի դա՝ Օբաման պնդում է, որ հարկային արտոնությունները պետք է հանվեն, իսկ հանրապետականները կտրուկ դեմ են արտահայտվում դրան։ Դրա փոխարեն նրանք պահանջում են կրճատել պետական  ծախսերը, մասնավորապես նպաստների վճարման ծրագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը