Լրահոս

22.04.2009 09:47


«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստների նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեին Օբամային

Մեծարգո պրն Նախագահ,

Հայաստանում գործող «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներս անչափ խանդավառված ենք ԱՄՆ նախագահ Ձեր ընտրության կապակցությամբ: Մենք լիահույս ենք, որ Ձեր ընտրությունը նոր խթան կհանդիսանա ոչ միայն ամերիկացիների, այլև ողջ մարդկության առաջընթացի համար, այդ թվում' մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազատության և արդարության սկզբունքների գերակայության առումով: Մեզ հատկապես ոգևորել է նախընտրական շրջանում Ձեր տված խոստումը' ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը և, որպես ԱՄՆ նախագահ, 20-ամյա ընդմիջմամբ, վերստին իրերը կոչել իրենց անուններով: Մեր կարծիքով' շատ կարևոր է, որ բոլոր ազգերն ու պետությունները իբրև քաղաքակրթական մարտահրավեր և տարածաշրջանային անվտանգության ու կայունության մնայուն երաշխիք' անդրադառնան իրենց պատմությանը' երես առ երես, որքան էլ դառը լինի այդ առերեսումը:

Մենք' 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ սակավաթիվ մշեցիների, սասունցիների, վանեցիների, կիլիկիացիների, ղարսեցիների, սուրմալուցիների, էրզրումցիների, մալաթիացիների, սեբաստացիների, արաբկիրցիների, զեյթունցիների, մարաշցիների, բութանիացիների թոռներս ու ծոռներս, նոր սերնդի ներկայացուցիչներս, առայժմ համբերատար սպասում ենք, թե մեզ երբ է միջազգային իրավունքի տառին համապատասխան հնարավորություն տրվելու վերադառնալ մեզնից ապօրինաբար և Ցեղասպանության հետեւանքով բռնազավթված հայրենիք' Արևմտյան Հայաստան, և վերատիրանալ մեզ պատկանող կալվածքներին' հողերին ու տներին: Մենք դատապարտում ենք միջազգային ատյանների ցանկացած փորձ' երկակի չափանիշներ կիրառել տարածաշրջանի այս կամ այն ազգերի հանդեպ' շրջանցելով միջազգային իրավունքը և հիմնվելով բացառապես այն հանգամանքի վրա, թե ով ավելի ուժեղ է կամ ում բնական պաշարամիջոցներն ավելի շատ են:

Հարգարժան պարոն Նախագահ, մենք' «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության երիտասարդներս, հորդորում ենք Ձեզ ճանաչել ոչ միայն 1915-1922թթ. հայերի հանդեպ թուրքական պետության գործած ցեղասպանությունը, այլև Հայոց մեծ հայրենազրկումը, որի հետեւանքով մի ողջ ազգ կորցրեց իր պատմական հայրենիքի շուրջ 90 տոկոսը' այն տարածքները, որտեղ մինչ այդ ապրել էր հազարամյակներ' ստեղծելով հարուստ քաղաքակրթություն, մշակութային մեծ արժեքներ: Մենք տակավին ապավինում ենք առողջ բանականությանը և հավատում, որ ազգերի միջև առկա կնճռոտ հարցերը վաղ թե ուշ լուծվելու են միջազգային իրավունքի հիման վրա' մեղավորների իրավահաջորդների զղջման, ապաշխարանքի և փոխհատուցման արդար ճանապարհով: Որովհետև անարդարությունը, միջազգային ատյանների կամ հզոր տերությունների անտարբերությունը կարող են մեծացնել կորսված ու արհամարհված իրավունքները սեփական միջոցներով վերականգնելու, զորեղ, բայց բիրտ ուժի դեմ ասիմետրիկ ուժ կիրառելու գայթակղությունը, ինչը հղի է բոլորիս համար նոր մարտահրավերներով և ի զորու է սասանել անվտանգության ու կայունության հիմքերը ամբողջ աշխարհում:

Կարծում ենք, որ թուրքերը, ում հետ մենք հուսով ենք մոտ ապագայում հաստատել արդարության, պատմական և միջազգային իրավունքի վրա հիմնված բնականոն հարաբերություններ, ունեն Ձեր անկեղծ աջակցության կարիքը' սեփական անցյալը սրբագրելու և ազգերի համաշխարհային ընտանիք մաքրագործված վերադառնալու դժվարին ճանապարհին:

 

Խորին հարգանքներով'

 

1. Կիրակոսյան Մելինե

2. Սարգսյան Աշխեն

3. Մհերյան Արտակ

4. Տոնոյան Հակոբ

5. Տոնոյան Գոհար

6. Տոնոյան Աստղիկ

7. Քոչարյան Գագիկ

8. Սարդարյան Արեն

9. Պողոսյան Նարինե

10. Նազլուխանյան Գոհար

11. Մարկոսյան Դավիթ

12. Մարկոսյան Արմեն

13. Գևորգյան Սիրարփի

14. Գրիգորյան Դավիթ

15. Հակոբյան Լիլիթ

16. Միրզախանյան Սամվել

17. Երանոսյան Նարեկ

18. Մնացականյան Արսեն

19. Հովհաննիսյան Անահիտ

20. Մաթևոսյան Նանա

21. Սարգսյան Անի

22. Սանասարյան Դավիթ

23. Իսախանյան Ոսկեհատ

24. Հակոբյան Մարգարիտ

25. Մաթևոսյան Մերի

26. Ղազարյան Մարիամ

27. Ղազարյան Սրբուհի

21 ապրիլի 2009թ.

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Այս խորագրի վերջին նյութերը