Քաղաքական

11.03.2022 15:41


Ադրբեջանի սադրիչ գործողությունները հարուցում են դժգոհություն քաղաքացիների շրջանում, բայց հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից․ Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի սադրիչ գործողությունները հարուցում են դժգոհություն քաղաքացիների շրջանում, բայց հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից․ Տեղեկատվական շտաբ

Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:

Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը