Մեկնաբանություն

11.03.2022 11:21


Վահագն Խաչատուրյանն առաջին քննությունը հանձնեց Նիկոլին (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանն առաջին քննությունը հանձնեց Նիկոլին (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շնորհավորեց իր ենթակային՝ ՀՀ նախագահ դառնալու կապակցությամբ։ Եվ հերթական անգամ հաստատվեց այն տեսակետը, որ Խաչատրյանից Խաչատուրյան դարձած Վահագնը Նիկոլի կողմից նշանակվել, իսկ խորհրդարանի ուսապարկային մեծամասնության կողմից դակվել է որպես պետության գլուխ, իրականում՝ մեխի գլուխ։

Այդ գլուխն իր քծնողական ժպիտը չէր կարողանում թաքցնել անգամ դիմակի տակից, երբ լսում էր շոյիչ խոսքեր Նիկոլից։

Վահագն Խաչատուրյանի մեխի գլուխ դառնալու մի շարք պատճառներ կային, որոնցից առաջինը, բնականաբար, մեխի գլուխ աշխատելու պատրաստակամությունն էր։ Բայց միայն դա բավական չէր։ Նիկոլի շուրջը բազմաթիվ գորշ, պնակալեզ, անդեմ ուսապարկեր կան, ովքեր ոչ պակաս մեխի գլուխ կարող էին աշխատել մուրճամոլ Նիկոլի համար։

Վահագնի ընտրությունը պայմանավորված էր նաև նրանով, որ նա պաթոլոգիկ ղարաբաղատյաց է։ Հակաղարաբաղցիությունը Վահագնի մոտ վաղուց է դրված ու պատահական չէ, որ նա Լևոն Տեր–Պետրոսյանի նեղ թիմի անդամ էր։

Ղարաբաղատյացության թույնով ներարկված է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ Վահագն Խաչատուրյանը դավաճանել է անձին՝ ՀՀ 1–ին նախագահին, բայց ոչ իր տեսակետներին՝ ղարաբաղատյացությանը։ Սա շատ կարևոր հանգամանք է Նիկոլի համար։

Վահագնի մյուս մրցակցային առավելությունն այն է, որ նա երդվյալ քիրվայական է՝ թուրքամետ։ Այսինքն՝ նա ամբողջությամբ նիկոլական գծի մեջ է։ Գործարար Խաչատուր Սուքիասյանի գիծն էլ է դա։ Վերջինս լոբբինգն էլ կար Վահագնի հարցում։

Մի խոսքով՝ Վահագն Խաչատուրյանը Նիկոլին կից իդեալական մեխի գլուխ նախագահ է՝ անդեմ, թուրքամետ և ղարաբաղատյաց։

Թուրքամետության պահով Վահագն Խաչատուրյանը երեկ իր առաջին քննությունը հանձնեց Նիկոլին։ Նա ասաց, որ թեև Ադրբեջանը կրակում է, բայց միևնույն է իրենք չպետք է շեղվեն խաղաղության օրակարգից։ Ասում է՝ հետո ի՞նչ, որ կրակում են, մենք միևնույն է խաղաղություն ենք ուզում։ Թե ինչ խաղաղության մասին է խոսքը, մենք տեսնում ենք ամեն օր։ Սրանք խաղաղության լոզունգներով 44–օրյա պատերազմ բերեցին մեր գլխին։ Հիմա նույնն են անում՝ առաջարկելով ասել՝ անձրև է գալիս, երբ թքում են երեսիդ։

Նիկոլը շատ լավ գիտի, որ ոչ մի խաղաղության դարաշրջան էլ չի լինելու, բայց հրապարակավ պահում է այդ գիծը, քանզի հակառակ դեպքում պետք է խոստովանի, որ բլեֆ է արել։ Պետք է ստիպված մի թթու բառ ասի իրեն մշտապես նվաստացնող Ալիևին, ինչն ինքը, դեռևս ահայտ պատճառներով, չի կարողանում կամ չի ուզում անել։

Ինչ մնում է Վահագնի ասածներին, ապա դա առնվազն անմեղսունակություն է։ Ի՞նչ է նշանակում հայտարարությունը, թե ոչինչ, որ կրակում են, մենք միևնույն է խաղաղություն ենք ուզում։ Խաղաղություն ես ուզում քեզ վրա կրակողի՞ց։

Պատերազմ ոչ մեկ չի ուզում, բացի մի քանի կեղծ հայրենասերներից, սութի ռեմբոներից ու իդիոտներից, բայց պատերազմ չուզելը խաղաղություն մուրալով չի լինում։ Քանի Նիկոլն իշխանության ղեկին է, Հայաստանը միշտ կանգնած է լինելու պատերազմական սցենարի առաջ ու ամեն օր կորուստներ է ունենալու։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը