Քաղաքական

10.03.2022 17:33


«Գյուղացիները վնասված տրակտորը դուրս չեն հանել, քանի որ շատ մոտ է ադրբեջանական դիրքին». Նախիջևանիկի համայնքապետ (տեսանյութ)

«Գյուղացիները վնասված տրակտորը դուրս չեն հանել, քանի որ շատ մոտ է ադրբեջանական դիրքին». Նախիջևանիկի համայնքապետ (տեսանյութ)

Նախիջեւանիկում նախօրեին՝ մարտի 9-ին, հակառակորդի կրակոցներից վնասված տրակտորը հայկական կողմը դեռեւս չի կարողանում վերադարձնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Նախիջեւանիկի համայնքապետ Սեւակ Պետրոսյանը:

«Այդ տրակտորը միակ գյուղատնտեսական տեխնիկան է, որը դեռ մնացել է այգում: Վաղը, ամենայն հավանականությամբ, դուրս կհանենք ռուս խաղաղապահների միջոցով»,-ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանը պատմեց, որ կրակոցների ժամանակ գյուղացիները աշխատելիս են եղել, եւ ստիպված են եղել առանց տեխնիկայի արագ դուրս գալ այգուց:

«Առավոտյան գնացել են տեխնիկան դուրս բերելու ու տեսել են, որ այդ վիճակում է: Չեն կարողացել դուրս հանել, որովհետեւ շատ մոտ է հակառակորդի դիրքին, վտանգավոր է: Առհասարակ, հիմա մեզ մոտ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են»,-նշեց Սեւակ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է, բնակիչների մոտ խուճապ չկա: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Արցախի դատախազությունը երեկ՝ մարտի 9-ին, հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջեւանիկ եւ Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։

Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, այսօր՝ մարտի 10-ին, Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:

Նա տեղափոխվել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց: Վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը