Քաղաքական

10.03.2022 11:46


Երկարաժամկետ հոսանքազրկումներ Արցախում. բնակիչները որպես գազի այլընտրանք հոսանքն են օգտագործում

Երկարաժամկետ հոսանքազրկումներ Արցախում. բնակիչները որպես գազի այլընտրանք հոսանքն են օգտագործում

Արցախում գազամատակարարի վնասումից հետո բնակիչների մեծ մասը որպես գազի փոխարիչ հոսանք է օգտագործում, որի առաջացրած ծանրաբեռնվածության պատճառով էլ երկարաժամկետ հոսանքազրկումներ են գրանցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Մեր հիմնական հիդրոէլեկտրակայաններն անցել են հակառակորդի տիրապետության տակ, ինչի պատճառով էլ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում: Այսինքն՝ հոսանքը չենք կարող այլընտրանք դիտարկել»,-նշեց Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ռուս խաղաղապահների բանակացություններն ադրբեջանցիների հետ Արցախում գազամատակարման խնդիրը լուծելու համար դեռևս անարդյունք են:

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ մասնագետներին մոտենալ վնասված գազատարին, թույլ չեն էլ տալիս խնդիրը հասկանալ: Նույնիսկ սկզբում ասում էին, թե ականապատ տարածքները պետք է ականազերծվեն, սակայն դա էլ դեռևս չի կատարվել մինչ այս պահը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ գյուղերում դասապրոցեսները նորմալ են ընթանում, քանի որ դպրոցների մեծ մասը վառարաններով է ջեռուցումն ապահովում: Հիմնական խնդիրը Ստեփանակերտում է. դպրոցներում, որտեղ ջեռուցումը գազով էր, դասաժամերը կրճատվել են՝ դառնալով 30 րոպե: Հացատներն էլ, որոնք գազով էին աշխատում, փակվել են:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության համաձայն՝ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ևս փաստել էր, որ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայրում հասանելիության և վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը