Մեկնաբանություն

10.03.2022 11:39


Նիկոլի սրտի օլիգարխացուն՝ «Ֆունտը»

Նիկոլի սրտի օլիգարխացուն՝ «Ֆունտը»

Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը բազմաչարչար հայ ժողովրդին ու հատկապես դրա «հպարտ» հատվածին ոչինչ չի ասի։ Չի ասի, քանզի մարդիկ դեռ չեն հասցրել ֆիքսել, որ օլիգարխիայի համայնքում նոր ծագող աստղ է հայտնվել։

Նարեկ Նալբանդյանը նորահայտ օլիգարխ է։ Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան օլիգարխ է նշանակել այն կարգավիճակով, ինչ կարգավիճակով, որ Ֆունտն էր Օստապ Բենդերի ստեղծած «Կոտոշներ և սմբակներ» գրասենյակում տնօրեն նշանակվել։ Այս տղայի ֆունկցիան օլիգարխ աշխատելն է, որպեսզի Նիկոլն ու իր նեղ թիմը կարողանան սեփականության վերաբաշխում իրականացնել, կապիտալ կուտակել ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների ներքո աննախադեպ թալանով զբաղվել։

Նիկոլին Նարեկի պես օլիգարխը պետք է ցույց տալու համար, որ սեփականության վերաբաշխումից պողոսներին էլ է փայ հասնելու, բայց դա միայն քարոզչական տրյուկ է, քանզի ո՞ր մի Պողոսին, օրինակ, «Գոլդեն Փելես» հյուրանոցի խլումից ու վաճառքից փայ հասավ։

Ո՞ր մի Պողոսը կարողացավ համատարած թանկացումների պայմաններում լուծել իր օրվա հացի խնդիրը, երբ պարզվեց, որ Նիկոլի «Ֆունտը» գնել է Հովիկ Աբրահամյանի հայտնի դղյակը։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ Նիկոլի Նարեկը Հովիկ Աբրահամյանի դղյակը գնել է 5 միլիոն դոլարին համարժեք դրամով ու պարտավորվել ամբողջ գումարը տալ մինչև այս տարվա օգոստոսի 1–ը, իսկ ահա «Գոլդեն Փելեսը», որի վաճառքից, իբր, «պողոսներին» էլ պետք է փայ հասնի, Նարեկը գնել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամով, բայց «փակովի», այսինքն՝ պարտավորվել է 5 տարվա ընթացքում տարեկան 2 միլիոն դոլարի չափ վճարել հյուրանոցի համար։ Ընդ որում՝ հյուրանոցի գործարքը կնքվել է դրամով, իսկ դրամը 5 տարվա ընթացքում այնքան է արժեզրկվելու (գործարքից հետո դրամն արդեն արժեզրկվել է 8 տոկոսի չափով), որ հյուրանոցը նիկոլենք Նարեկի ձեռքերով մեջ–մեջ կանեն 10 միլիոն դոլարից շատ ավելի քիչ գումարով։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից անուղղակիորեն, այսինքն՝ Նարեկի ձեռքերով, գնում է նրա առանձնատունը և ամիսների ընթացքում պարտավորվում վճարել ամբողջ գումարը (կվճարի, թե ոչ, դա այլ հարց է)։ Սա իհարեկ ենթադրություն է, բայց ողջամիտ ենթադրություն։ Այդ գործարքից պետական բյուջեին՝ զրո օգուտ, Պողոսին՝ զրո օգուտ։ Իսկ ահա այն գործարքը, որից Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը տեսականորեն կարող էր շատ փոքրիկ չափով օգտվել, իրականացվում է «նիսյա» տարբերակով։

Նիկոլի Նարեկը այնքան փող ունի, որ 5 միլիոն դոլարով առանձնատուն է գնում մասնավոր անձից, բայց այնքան փող չունի, որ պետությունից գնած հյուրանոցի նախնական տարեկան վճարն ավելի քիչ է տալիս, քան առանձնատան համար տալու է մինչև օգոստոս։ Քանի՞ ոչխար կա այս երկրում, որ չնկատի նիկոլական մախինացիաները «Ֆունտի» ձեռքերով։

Քանի՞ ոչխար կա, որ չհասկանա, թե իրականում ինչ է կատարվում՝ նիկոլական ճղճղոցների ու գոռգոռոցների տակ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը