Քաղաքական

10.03.2022 10:36


Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով․ ՀՅԴ

Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով․ ՀՅԴ

Սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։

Ժողովը արձանագրեց, որ.

• Ողջ հայությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար։
• ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին և ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
• ՀՀ Իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով և ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
• Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման և հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից և հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու և ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
• Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանութիւնները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.

• Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
• Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
• Սփիւռքը իբրև գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արևմտահայաստանի կորուստի արդյունք և արևմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման և համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
• Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի և համայն հայության օրինավոր և անժամանցելի իրավունքների:
• Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների և ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
• ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
• ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։
• Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:

ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով և համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով

8 Մարտ, 2022

Այս խորագրի վերջին նյութերը