Աշխարհ

08.03.2022 19:25


Թաիլանդի իշխանություններն ամեն գնով փորձում են խրախուսել քաղաքացիներին ավելի շատ երեխաներ ունենալ

Թաիլանդի իշխանություններն ամեն գնով փորձում են խրախուսել քաղաքացիներին ավելի շատ երեխաներ ունենալ

Թաիլանդի իշխանություններն ամեն գնով փորձում են խրախուսել քաղաքացիներին ավելի շատ երեխաներ ունենալ, որպեսզի կանգնեցնեն ծնելիության անկումը՝ ծնողներին առաջարկելով երեխաների խնամքի կենտրոններ, ինչպես նաև ներգրավելով սոցիալական ցանցերում ազդեցիկ մարդկանց՝ ընտանեկան կյանքի ուրախությունները ցուցադրելու համար, հայտնում է Reuters-ը:

Արշավն անցկացվում է կապված այն բանի հետ, որ 2013-ից ծնունդների թիվը նվազել է գրեթե մեկ երրորդով: Անցած տարի գրանցվել է 544 000 ծնունդ, ինչը ամենացածր ցուցանիշն է առնվազն 60 տարվա ընթացքում։

«Այս տվյալներն արտացոլում են ժողովրդագրական ճգնաժամը… երբ փոխվել է վերաբերմունքը երեխա ունենալու հանդեպ»,-ասում է Թամմասաթի համալսարանի ժողովրդագրության հարցերով փորձագետ Թիրա Սինդեչարակը:

Առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Սուվանաչայ Վատտանայինգչարոնչայը Reuters-ին ասել է, որ կառավարությունը համարում է, որ միջամտություն է անհրաժեշտ:

«Մենք փորձում ենք դանդաղեցնել ծնելիության անկումը և բեկել միտումը»,-ասել է նա՝ նկարագրելով նորածիններին պետական լիարժեք աջակցություն ապահովելու քաղաքականության ներդրման ծրագրերը:

Ըստ պաշտոնյաների՝ պլանները ներառում են անպտղության բուժման կենտրոնների բացում 76 նահանգներում (դրանք այժմ միայն Բանգկոկում և այլ խոշոր քաղաքներում կան), ինչպես նաև սոցիալական ցանցերում ազդեցիկ անձանց օգտագործում:

«Մեկ երեխա մեծացնելը շատ թանկ արժե։ Մանկապարտեզում մեկ կիսամյակն արդեն 50 000-60 000 բաթ (1520-1850 դոլար) արժի և երբեմն հասնում է միլիոնների»,-ասում է 44-ամյա Չինտատիպ Նանտավոնգը, որն իր զուգընկերոջ հետ որոշել է երեխա չունենալ:

Ըստ ակադեմիկոս Տիրայի՝ Թաիլանդը շարժվում է դեպի «տարեցների հասարակություն», որտեղ 60-ից բարձր տարիքի մարդկանց թիվը բնակչության ավելի քան մեկ հինգերորդը կկազմի: Թաիլանդի բնակչության մոտ 18%-ը 60-ն անց է։

Անցյալ տարի աշխատունակ տարիքի և տարեցների հարաբերակցությունը 3,4 է կազմել, սակայն մինչև 2040թ․, ըստ մասնագետների կանխատեսումների, այն կարող է 1,7-ի հասնել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը