Տնտեսական

06.03.2022 14:16


Ազգային արժույթի արժեզրկումը լրացուցիչ գնաճային ճնշում է. Թադևոս Ավետիսյան

Ազգային արժույթի արժեզրկումը լրացուցիչ գնաճային ճնշում է. Թադևոս Ավետիսյան

Տնտեսագետներն արձանագրում են, որ փետրվարի վերջից սկսած դրամի արժեզրկումընոր գնաճային միտումներ առաջ կբերի:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այս խնդիրները կանխատեսելով էր դեռ օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել հարցը:

«Նկատել էի, որ ազգային արժույթի վրա արժեզրկման լրացուցիչ ճնշումներ են լինելու: Եվ այդ մասին հարցադրում անելով՝ ակնկալում էի, որ պետք է ավելի ուշադրություն դարձվի խնդրին, որովհետև իրականում պետք է փաստենք՝ գնաճը մեր երկրում շարունակվում է և շատ մտահոգիչ միտում ունի՝ ավելի առաջանցիկ է մեծանում, իսկ ազգային արժույթի արժեզրկումը լրացուցիչ գնաճային ճնշում է:

Երկրորդ կարևոր գործոնը միջազգային շուկաներում վառելիքի թանկացումն է, երրորդ կարևոր գործոնը՝ ապրիլի 1-ից բարձրացող գազի սակագինը, որը, ի դեպ, հաշվարկված չէր այս տարվա գնաճային կանխատեսվող, թիրախավորվող ցուցանիշի մեջ, և հաջորդը՝ առհասարակ, աշխարհաքաղաքական անորոշությունները, ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում՝ տնտեսական հետևանքներով»,-մանրամասնեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ թվարկած կարևոր գործոնները նոր են ի հայտ եկել, ու պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ մինչդեռ, ըստ նրա, դրանք կանխարգելելու համար իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր չեն արվում:

«Նորից նույն վիճակն է. նորից հանգստացնում են, թե առանձնապես խնդիրներ չկան, փոխարժեքի տատանումը կապում են հասարակության հոգեբանական գործոնի հետ, գազի թանկացումը ձևակերպում են խառնաշփոթ հիմնավորումներով:

Ինչքա՞ն կարելի է այսքան մատների արանքով նայել այն կարևոր խնդիրներին, որոնք առաջանալու ժամանակ արդեն իսկ պետք է կանխարգելվեն, որպեսզի նորից չսկսենք հետևանքների վերացման մասին մտածել՝ ինչպես քովիդի համավարակի դեմ պայքարը: Այդ ժամանակ ևս մատների արանքով նայեցին, տնտեսությունը մինչև վերջ հյուծեցին, և նոր փորձեցին հետևանքների վերացման անօգուտ միջամտություններ իրականացնել»,-նկատեց նա:

Իսկ մարտահրավերների կանխարգելման համար տնտեսագետը կարևորեց պետության կողմից խնդիրների խորքային գնահատումն ու հստակ գույքագրումը, բիզնեսի հետ քննարկումների իրականացումը, հակաճգնաժամային ծրագրի մշակումը.

«Պետք է ներմուծող ու արտահանող տնտեսվարողների հետ ակտիվ քննարկումներ սկսել, բայց ոչ թե ձևական-խորհրդատվական. պետք է հասկանալ, թե ինչ կոնկրետ խնդիրներ կան, որից հետո պետք է բերվի պետության աջակցության հակաճգնաժամային ծրագիր: Ակնհայտ է, որ սա ճգնաժամի բերող իրավիճակ է. առանց այն էլ՝ մեր տնտեսությունը դեռ չի վերականգնվել, և կրկին նոր մարտահրավերներ են ի հայտ եկել՝ կոնկրետ հետևանքներով:

Այստեղ սկզբունքը պետք է լինի կանխարգելիչ միջամտությունը, ոչ թե այժմ էլ ողջ մեղքը բարդեն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների վրա և ասեն՝ ի՞նչ անենք, աշխարհում՝ էնպես, տարածաշրջանում՝ էսպես: Սա պետության մոտեցում չէ, պատասխանատու մոտեցում չէ: Սա, ընդհակառակը, խնդիրները չտեսնելու տալու կամ չհասկանալու անպատասխանատու մոտեցում է»:

Այս խորագրի վերջին նյութերը