Աշխարհ

02.03.2022 21:15


Շվեդիայի թանգարանում ցուցադրվել է 4000 տարի առաջ ապրած կնոջ վերականգնված դեմքը

Շվեդիայի թանգարանում ցուցադրվել է 4000 տարի առաջ ապրած կնոջ վերականգնված դեմքը

Շվեդիայի թանգարանն աշխարհին է ներկայացրել 4000 տարի առաջ քարե դարում ապրած կնոջ արտաքին տեսքը, որը վերստեղծվել է հայտնի 3D նկարիչ Օսկար Նիլսոնի կողմից, ով վերջին 20 տարվա ընթացքում հարյուրից ավելի հին մարդկանց դեմքեր է վերստեղծել: Ancient Origins պորտալը պատմել է այն մասին, թե ինչպես են տեղի ունեցել հնագույն որսորդ կնոջ կերպարի վերականգնման աշխատանքները։

Կնոջ մնացորդները հայտնաբերվել էին մոտ հարյուր տարի առաջ Շվեդիայի հյուսիսարևելյան անտառների խորքում գտնվող քարով ծածկված գերեզմանում: Նրա կողքին 7-ամյա տղայի մնացորդներ էին հայտնաբերվել, ով, ըստ շվեդ հետազոտողների, նրա որդին էր։ Հնագետները կարծում են, որ այս զույգը պատկանել է որսորդների քոչվոր խմբին, ովքեր հետևում էին գաղթող կենդանիներին 430 կիլոմետր երկարությամբ Ինդալսելվեն գետի երկայնքով: Կնոջը թաղել էին երեսուն տարեկանում, մահվան պատճառը գիտնականներին պարզել չի հաջողվել։ 2020 թ. մնացորդների նկատմամբ հետաքրքրություն էր հայտնել հնագետ Օսկար Նիլսոնը, ով հայտնի է հնագույն մարդկանց դեմքերի վերակառուցմամբ:

4000-ամյա քարե դարի կնոջ մնացորդները, ինչպես և տղայի մնացորդները, Շվեդիայի այս շրջանում երբևէ հայտնաբերված ամենահին կմախքներն են: Թանգարանի համադրողները որոշել են այցելուներին ցույց տալ «ամենածեր դեմքը հյուսիսից՝ Լագմանսյորենից կնոջը» մասշտաբային նախագծի շրջանակներում, որը ներկայացնում է մարդու կյանքը հյուսիսային տարածաշրջանում 9.5 հազարամյակների ընթացքում:

Գանգը լավ վիճակում էր պահպանվել՝ պայմանների շնորհիվ, որոնք թույլ են տալիս ժամանակի և շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությունն արտեֆակտների վրա նվազագույնի հասցնել: Օսկար Նիլսոնը կնոջ գանգի 3D սկանավորում է կատարել, իսկ հետո 3D-ով տպել է դրա պատճենը: Այնուհետև դեմքի վերականգնման տեխնիկայի միջոցով վերստեղծել է դեմքի մկանները կավով, ծածկել է դրանք պլաստիլինե շերտով և բոլորը միասին ձուլել մաշկի գույնի սիլիկոնից, որի վրա փորել է կնճիռներն և մաշկի անհարթությունները:

Կնոջ հասակը կենդանության օրոք մեկուկես մետրից մի փոքր ավել է եղել, ինչը, ըստ գիտնականների, կարճ էր այն ժամանակի համար: Նա դուրս ցցված ատամներ, ծուռ քիթ, ներս ընկած աչքեր և ծանր «առնական» ստորին ծնոտ է ունեցել։

Չնայած Լագմանսյորենից կինը լավ է պահպանվել, գիտնականներին չի հաջողվել դուրս բերել օգտագործման համար պիտանի ԴՆԹ-ն: Դա նշանակում էր, որ կնոջ մաշկի և մազերի գույնը հնարավոր չէր քիմիապես որոշել։ Սակայն Նիլսոնը վերլուծել է միգրացիայի պատմական մոդելները և եզրակացության հանգել, որ նա հավանաբար բաց մաշկ և մուգ մազեր է ունեցել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը