Աշխարհ

01.03.2022 16:12


Անընդունելի է, որ մի շարք եվրոպական երկրների տարածքում ամերիկյան միջուկային զենք կա․ Լավրով

Անընդունելի է, որ մի շարք եվրոպական երկրների տարածքում ամերիկյան միջուկային զենք կա․ Լավրով

Ուկրաինայի ողբերգությունը Կիևում ձևավորված հանցավոր ռեժիմի նկատմամբ արևմտյան հովանավորների թողտվության արդյունքն է, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով զինաթափմանը նվիրված տեսաուղերձի ձևաչափով համաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի ողբերգությունը 2014 թվականի փետրվարի արյունալի հակասահմանադրական հեղաշրջումից հետո ստեղծված հանցավոր ռեժիմի նկատմամբ արևմտյան հովանավորների թողտվության հետևանք է, որն իրականացվեց ներուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրով Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի երաշխիքներին հակառակ»,-ասել է Լավրովը։

ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրավականորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների ձեռքբերումը հիմնարար նշանակություն ունի ՌԴ համար, հայտարարել է արտգործնախարարը։

«Արևմտյան գործընկերները Ռուսաստանին անվտանգության իրավական պարտավորեցնող երկարաժամկետ երաշխիքներ տրամադրելու պատրաստակամություն չեն դրսևորում։ Մեզ համար այս նպատակներին հասնելը սկզբունքային նշանակություն ունի։ Ռուսաստանի Դաշնության համար անընդունելի է, որ մի շարք եվրոպական երկրների տարածքում ամերիկյան միջուկային զենք կա, վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ։ ԵՄ երկրները փորձում են խուսափել դեմ առ դեմ ազնիվ երկխոսությունից՝ ընտրելով պատժամիջոցների ուղին։ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ համաժողովն այնուամենայնիվ կկայանա։ ՌԴ-ն խորապես մտահոգված է ՔԶԱԿ-ում ստեղծված իրավիճակով, որը արևմտյան քաղաքականության հետևանք է դարձել»,-ասել է Լավրովը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը