Լրահոս

01.03.2022 13:32


ՌԴ-ում նոր դեսպանն աչքի է ընկել տարօրինակ պահվածքով

ՌԴ-ում նոր դեսպանն աչքի է ընկել տարօրինակ պահվածքով

ՌԴ-ում ՀՀ նոր արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հասցրել է աչքի ընկնել իր էկզոտիկ պահվածքով. նա համարյա դուրս չի գալիս իր աշխատասենյակից, դեսպանության աշխատողներին չի վստահում: Այս մասին գրում է Hraparak.am:

Մեկուսացած է նաև կոլեկտիվից, ինչպես պաշտպանության նախարար աշխատելու շրջանում: Ընդունելություններ դեսպանատունը նախկինի համեմատ ավելի քիչ է կազմակերպում:

Հունվարի 5-ից ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Հարությունյանն իր առաջին հրապարակային միջոցառումն անցկացրել է փետրվարի 18-ին՝ դիվանագիտական ընդունելություն, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:

Հատկանշական է, որ այս ընդունելությանը ՌԴ ռազմական կամ որևէ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնյա ելույթ չի ունեցել: Խոսել է միայն ՌԴ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուևսկին, որը պաշտոնաթող է 2008 թվականից: «Հրապարակի»՝ հայկական դեսպանատանը մոտ աղբյուրը պատմում է, որ նոր դեսպանը գործերին մասնակից է դարձնում իր եղբորը և նրա որդուն: Դեսպանի եղբայրը նույնիսկ աշխատանքի ընդունելության հետ կապված հարցերն է կանոնակարգում, հարցազրույցներ է անցկացնում դիմողների հետ: Իսկ դեսպանի եղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, այժմ նրա վարորդն է և մի շարք հարցերի լուծմանն է մասնակցում:

Թերևս ամենաէկզոտիկը նոր դեսպանի վերաբերմունքն է պաշտոնական ընդունելություններին: Սովորաբար ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանները միշտ ուղեկցել են մեր կառավարության ներկայացուցիչներին ՌԴ պաշտոնական վերնախավի հետ հանդիպումների ժամանակ: Հարությունյանը, սակայն, չի մասնակցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների փետրվարի 25-ի հանդիպմանը, ինչն արտառոց բացակայություն է և չի վրիպել համայնքի կյանքով հետաքրքրվող մոսկվաբնակ հայերի աչքից:

Ոմանք սա բացատրում են նրանով, որ ՌԴ ներկայիս ռազմական գործիչները Վաղարշակ Հարությունյանին չեն ընդունում: Սակայն ավելի հավանական է ներիշխանական ինտրիգների վարկածը:

Դեսպանատանը մոտ կանգնած շրջանակները սա բացատրում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ Սուրեն Պապիկյանի ոչ բարեհաճ վերաբերմունքով: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնական շրջանակներում ընկալվում է որպես ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համախոհն ու ընկերը: Իսկ Քոչարյանի նկատմամբ Սուրեն Պապիկյանը բավականին սառը վերաբերմունք ունի, ինչն ընդգծում է ամեն հարմար առիթով:

Օրինակ, փետրվարի 9-ին՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Սուրեն Պապիկյանը դժգոհություն հայտնեց պաշտպանության ոլորտի ռեֆորմների հայեցակարգի հետ կապված, որը գրվել է անմիջապես 44-օրյա պատերազմից հետո, Անդրանիկ Քոչարյանի անմիջական «կուրացիայի» ներքո: Վաղարշակ Հարությունյանը համաձայնեցնում էր փաստաթղթի բոլոր կետերը Քոչարյանի հետ: Սուրեն Պապիկյանը նրանց աշխատանքը գնահատել է «բավականին լավ»՝ ավելացնելով. «Բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման»: Թե ինչը Պապիկյանին դուր չի եկել, նա չի ասել: Մինչդեռ բանակի ռեֆորմի այս հայեցակարգը Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ «անոնսել» էր իր տարբեր հրապարակային ելույթներում՝ նշելով, որ բարեփոխումները պետք է ընկալելի լինեն ողջ հանրության համար, և որ Վաղարշակ Հարությունյանի հետ ինքը 10 տարի է՝ քննարկում է մեր երկրի անվտանգությունը:

Հ․Գ․ Եվ մի փաստ էլ․ Վաղարշակ Հարությունյանին Ռուսաստանում դեսպան ուղարկելու որոշումը դժվարությամբ է կայացվել։ ՀՀ իշխանությունը, մեր տեղեկություններով, այլ տարբերակներ է փորձել, մասնավորապես՝ ՌԴ իշխանություններին են ներկայացրել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը, որը մերժվել է։ Դրանից հետո կանգ են առել Վ․ Հարությունյանի վրա, որի թեկնածությունն ուշացումով, բայց ՌԴ-ից հաստատվել է։ Հավանաբար, ՌԴ-ում էլ են առաջնորդվել չարյաց փոքրագույնի տարբերակով։

Այս խորագրի վերջին նյութերը