Քաղաքական

25.02.2022 20:43


Մոսկվայի ու Բաքվի միջև ստորագրված հռչակագիրը չի հակասում ՌԴ-Հայաստանի դաշնակցային հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Մոսկվայի ու Բաքվի միջև ստորագրված հռչակագիրը չի հակասում ՌԴ-Հայաստանի դաշնակցային հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Ընդ որում՝ հռչակագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի առաջնորդն ու Ադրբեջանի նախագահը, չի ստեղծում խնդիրներ Հայաստանի հետ ռուսական դաշնակցային հարաբերությունների համար: Այդ մասին Մոսկվայում փետրվարի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան կպահպանի Երևանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, որը Ռուսաստանի վաղեմի և մտերիմ դաշնակիցն է:

«Մենք համոզված ենք, որ Բաքվի հետ վերոնշյալ հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները, Ռուսաստանն անդադար թարմացնում է երկկողմանի պայմանագրաիրավական բազան Հայաստանի հետ, որը ներկայում բաղկացած է շուրջ 200 փաստաթղթից:

Ընդ որում՝ Զախարովայի հավաստմամբ՝ Ռուսաստանի առաջնորդի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված փաստաթուղթն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալիզացիային, ապա հռչակագրում Ադրբեջանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների մասին կա դրույթ, որ կողմերը կարող են միասնաբար նպաստել 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ին ու նոյեմբերի 29-ին ստորագրված համաձայնագրերի դրույթների իրագործմանը»,-նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ 10-րդ դրույթում նշված է, որ կողմերը կհամագործակցեն ավելի վաղ ձեռքբերված համաձայնագրերից բխող խնդիրների լուծման գործում, և սերտ կհամավործակցեն տարածաշրջանի պետությունների միջև երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը