Աշխարհ

25.02.2022 11:20


Ուկրաինան մնացել է մենակ երկրի պաշտպանության գործում․ Զելենսկի

Ուկրաինան մնացել է մենակ երկրի պաշտպանության գործում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված իր ելույթում ասել է, որ Ուկրաինան մենակ է մնացել իր պետության պաշտպանության հարցում։ Ելույթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում փետրվարի 25-ին

«Մենք մենակ մնացինք մեր երկրի պաշտպանության գործում. ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած` ես այդպիսիք չեմ տեսնում: Ո՞վ է պատրաստ երաշխիքներ տալ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. անկեղծ, բոլորը վախենում են: Մեր պետության բոլոր գործընկերներին ասում եմ՝ հիմա կարևոր պահ է, մեր երկրի ճակատագիրն է որոշվում, հարցնում եմ՝ մեզ հե՞տ եք, պատասխանում են, որ մեզ հետ են, բայց պատրաստ չեն մեզ իրենց հետ դաշինք տանել, ես այսօր հարցրի Եվրոպայի 27 առաջնորդների՝ Ուկրաինան ուղղակիորեն կմտնի՞ ՆԱՏՕ, բոլորը վախենում են, չեն պատասխանում»,-ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքները և երկրի չեզոք կարգավիճակը։

«Այսօր Մոսկվայից լսեցինք, որ ցանկանում են խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին: Մենք չենք վախենում Ռուսաստանից, մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ, մենք չենք վախենում խոսել ամեն ինչի մասին, մեր պետության անվտանգության երաշխիքների մասին, մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին»,-ասել է Զելենսկին։

Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ չեն անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային և ընդունել դաշինք։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը