Աշխարհ

24.02.2022 17:04


Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո

Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը Լեհաստանից ու Լիտվայից Ռուսաստանին հարվածելու ծրագիր է մշակել, իսկ Մինսկը մշակել է դրա պատասխանը:

Լուկաշենկոն նշել է, որ բելառուս զինվորականները հետևում են երկրի շուրջ ստեղծված իրավիճակին և գիտեն ամեն ինչ՝ տանկից մինչև հետևակային զրահամեքենա, տեսնում են, թե որտեղ են տեղակայվում զինվորներն ու սպաները։ Առաջնային տեղեկատվության համաձայն՝ Լեհաստանում և Լիտվայում ստեղծվել են խմբավորումներ, որպեսզի «երբ Ուկրաինայի հետ հակամարտություն սկսվի, հարվածեն, օդային էշելոնով անցնեն Բելառուսի տարածքով ու ցամաքային ճանապարհով և թիկունքից հարվածեն ռուսական խմբավորմանը»։

«Այն ժամանակ ես նրանց նախազգուշացրի՝ մենք դավաճան չենք լինի և ձեզ թույլ չենք տա կրակել ռուս մարդկանց թիկունքին»,-ասել է Բելառուսի առաջնորդը։

Լուկաշենկոն նշել է, որ երկրի հարավային սահմանները հուսալի են, այստեղ սպառնալիք կարող են ներկայացնել միայն դիվերսանտները, ուստի գլխավորը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների պաշտպանությունն է:

Նախագահը նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը: Ավելի վաղ Լուկաշենկոն հանձնարարել էր պատասխան միջոցներ մշակել «մտնելով Բելառուս՝ հարձակվել Ռուսաստանի վրա» կարգի մանևրի դեպքում:

«Ահա իմ առաջ քարտեզն է, որ Գլխավոր շտաբը մշակել է գիշերվա ընթացքում,-ասել է պետության ղեկավար,-առավոտյան Պուտինի հետ զրուցելիս ես նշել եմ դա։ Ես ասում եմ․ «Մենք տեսնում ենք այդ ուղղությունը։ Մենք լավ ենք հասկանում, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ուստի մենք պետք է փակենք այն, որպեսզի իսկապես դանակ չխրեն մեր թիկունքին»։

Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը