COVID-ով հղիների 14 մահ, ավելի քան 12 հազար կրկնակի վարակված. մանրամասներ՝ ՀՀ ԱՆ-ից
Հայաստանում կորոնավիրուսային վարակի համաճարակի ողջ ընթացքում՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 21-ը, COVID-19-ը հայտնաբերվել է 6021 հղի կնոջ մոտ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
COVID-19-ով վարակված հղի/ծննդկանների շրջանում 2020թ.-ի ընթացքում արձանագրվել է 5 մահ, որից 1-ի դեպքում մահը վրա է հասել այլ պատճառով, իսկ 2021թվականի ընթացքում արձանագրվել է 9 մահ:
Գերատեսչությունում նշել են, որ COVID-19 վարակ հաստատված հղիի պտղի վրա վերջինիս թողած ազդեցությունը միանշանակ հնարավոր չէ գնահատել, քանի որ պտղի վիճակը պայմանավորված է նաև հղիի ընդհանուր վիճակով։ Անհրաժեշտ է նշել, որ հղիության ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունը մեծացնում է ինչպես վաղաժամ ծննդաբերության, այնպես էլ անհաս նորածիններին ինտենսիվ թերապիա իրականացնելու ռիսկը:
Կրկնավարակների թիվը մի քանի անգամ աճել է
Հայաստանում 2020 թվականի համավարակի սկզբից մինչև 2022 թվականի փետրվարի 21-ը 11:00-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 20.265 երեխայի մոտ: Համեմատության համար նշենք, որ հունվարի 11-ի դրությամբ երկրում 16396 երեխայի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել, այսպիսով 40 օրվա ընթացքում այդ թիվն ավելացել է 3869-ով:
Հաշվետու ժամանակաշրջանում COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 152 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում:
Բացի այդ, կտրուկ աճել է կրկնավարակների թիվը։ ՀՀ-ում 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 17-ը ներառյալ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության կրկնավարակի 17494 դեպք: Հունվարի 10-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 4906 դեպք։ Այսինքն՝ մեկ ամսից մի փոքր ավել ժամանակահատվածում այս ցուցանիշը աճել է 12 588-ով։ Առողջապահության նախարարությունում դեռ չեն հստակեցրել, թե այդ մարդկանց որ տոկոսն է ամբողջությամբ կամ մասամբ պատվաստվել։
COVID-ի հետ կապված իրավիճակը
Մասնագետները կարծում են, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Սակայն դատելով ներկայացված տվյալներից՝ COVID-19-ի վերարտադրության գործակիցը վերջին 14 օրվա ընթացքում նվազել է ու հասել է 0.4-ի։
«Վարակի վերարտադրության ցուցանիշը 14 օրվա հաշվարկով 16.02.2022-ի դրությամբ կազմում է 0.4, այնինչ 2 շաբաթ առաջ եղել է 1.5»,-նշեցին գերատեսչությունում։
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 32612 դեպք (1102.1 դեպք 100.000 բնակչի հաշվով), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (29937 դեպք, 1011.7՝ 100.000 բնակչի հաշվով) աճել է 9%-ով։
Փետրվարի 17-ի դրությամբ COVID-ից մահացությունը ամբողջ ժամանակահատվածում կազմել է 2%:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ՝ շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Համաձայն արդյունքների՝ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «օմիկրոն» տարբերակը, այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, որն առավել վարակիչ է համարվում։
Սահմանափակումները
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ 2022 թվականի հունվարի 22-ից մուտքը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգային ու կինոդահլիճներ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ թույլատրված են միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր ՊՇՌ-թեստի բացասական արդյունք են ցույց տալիս, որն արվել է տեղեկանքի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
Նոր սահմանափակումները չեն վերաբերում 18 տարեկանից ցածր անձանց, հղիներին, նրանց, ում հակացուցված է պատվաստումը, և այն քաղաքացիներին, որոնք վերջին 90 օրվա ընթացքում կորոնավիրուս են տարել։
Ինչ վերաբերում է սահմանափակումների մեղմացմանը, գերատեսչությունում պարզաբանել են, որ համապատասխան որոշումներն ընդունվում են երկրի համաճարակային իրադրությունից ելնելով:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 946-ով և դարձել 417 456: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11780 մարդ (-628), կատարվել է 2875218 թեստավորում (+4759), առողջացել են վարակվածներից 395700-ը (+1545): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 24-ով և դարձել 87378։
COVID-ով հղիների 14 մահ, ավելի քան 12 հազար կրկնակի վարակված. մանրամասներ՝ ՀՀ ԱՆ-ից
Կրկնավարակների թիվը մի քանի անգամ աճել է
COVID-ի հետ կապված իրավիճակը
Սահմանափակումները