Աշխարհ

23.02.2022 22:03


Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրեմլից հայտնել են, որ կողմերը փոխանակվել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմամբ պայմանավորված իրավիճակի շուրջ գնահատականներով: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նման որոշում կայացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի համաձայնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու երկու հանրապետությունները: «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի ճանաչում քայլերը, որոնք հակասում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, իսկ արդյունքների պետք է հասնել Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրադրության լարումը, մասնավորապես ռազմական հակամարտությունը ոչ մեկին օգուտ չի տա»,-հայտնել են Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունից: Էրդողանը տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա:

Կողմերը պայմանավորվել են շարունակելու շփումները տարբեր ձևաչափերով:

Այս խորագրի վերջին նյութերը