Քաղաքական

23.02.2022 21:30


«11-ին դնենք, հրապարակենք, սկսենք». Ջհանգիրյանը՝ Մակյանին. Բախշիյանի փաստաբանը ԲԴԽ նիստից դրվագ է հրապարակում

«11-ին դնենք, հրապարակենք, սկսենք». Ջհանգիրյանը՝ Մակյանին. Բախշիյանի փաստաբանը ԲԴԽ նիստից դրվագ է հրապարակում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել, ԲԴԽ անդամների կողմից կողմ քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22: 16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաեւ ԲԴԽ նախագահի ցածր տոնով հավանաբար իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»

Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ինչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա:

Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել, ԲԴԽ անդամների կողմից կողմ քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում:

Սա նշանակում է, որ փաստացի վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձեւական բնույթ, եւ ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը