Մեկնաբանություն

22.02.2022 15:26


Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքը․ փետրվարի 21-ը՝ եռակի խայտառակության օր

Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքը․ փետրվարի 21-ը՝ եռակի խայտառակության օր

Փետրվարի 21–ը հիրավի կարելի է Հայաստանի համար խայտառակության օր հռչակել։ Եռակի խայտառակության։

Գրեթե միաժամանակ տեղի ունեցան հետևյալ իրադարձությունները՝

1․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց իր տեսակետը «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստին։ Նիկոլենք չմիացան այդ հայտարարությանը՝ դրանով իսկ միանալով Էրդողանի ու Ալիևի ստորագրությանը։

Ինչպես նկատեց հայտարարության նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ՔՊ–ն տապալելով հայտարարության ընդունումը քվեարկում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ, կողմ է արտահայտվում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, հրաժարվում է պետականորեն հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, պարտավորվում է մշտապես կռացած մնալ թուրք–ադրբեջանական զույգի առաջ։

Ի դեպ, ՔՊ կայացրած որոշումից րոպեներ անց ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին իրենց հիացական գնահատականները ներկայացնել Նիկոլի որոշման կապակցությամբ։ Նրանց արձագանքն այնքան օպերատիվ էր, որ տպավորություն է ստեղծվում՝ ադրբեջանցիք նախապես գիտեին նիկոլենց որոշման մասին ու ողջույնի տեքստերը նախապես պատրաստել էին։

2. Նիկոլ Փաշինյանն ընդունեց Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ Ըստ արարողակարգի՝ նա պարտավոր չէր նրանց ընդունել, քանզի կարգավիճակների էական տարբերություն կար, սակայն Նիկոլը հատուկ ընդունում է Ալիևի պատգամավորներին, որպեսզի ցույց տա՝ ինչ աստիճանի «խաղաղասերի» մեկն է, այն է՝ կռացած է Ադրբեջանի առաջ։ Նա այդպիսով քծնում էր Ալիևին։

Ի դեպ, ՔՊ–ական պատգամավոր և ադրբեջանասիրությամբ աչքի ընկնող Մարիա Կարապետյանի աչքերը փայլում էին ադրբեջանական պատգամավորների ներկայության փաստից։

3․ ՔՊ–ն Հայաստանում մերժում էր «Շուշիի հռչակագրի» դեմ բերված ընդդիմության հայտարարությունը և հյուրասիրում ադրբեջանցի պատգամավորներին, իսկ Ադրբեջանում քրեական գործ էին հարցում ու հետախուզում հայտարարում ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների դեմ։ Ասել է թե՝ Ալիևն ու Փաշինյանն ամեն մեկն իր տեղում և իր ձևով հետապնդում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Վերջիններիս Ադրբեջանում մեղադրում են Ղարաբաղում ռազմական գործողություններ անելու համար, այլ կերպ ասած՝ ղարաբաղն ազատագրելու համար։

Ի դեպ, Ադրբեջանում ՀՀ 1–ին նախագահի հետ խնդիր չունեն ու նրան չեն մեղադրում Ղարաբաղի թեմայով, թեև եթե նրա դեմ քրգործ հարուցեին ու հետախուզում հայտարարեին, նույն ձևով պետք էր քննադատել ու թքել Ալիևի երեսին (Նիկոլին չհաշված) այնպես, ինչպես 2–րդ և 3–րդ նախագահների հետապնդման դեպքում ենք անում։

Ահա այս երեք իրադարձություններն են, որ խայտառակության օր են դարձնում փետրվարի 21–ը։ Փաշինյանն ու Ալիևն այնքան սինքրոնացված ու համաձայնեցված են գործում, որ այլևս հնարավոր չէ թաքցնել նրանց գործողությունների և ջանքերի միասնական պլանավորումը։

Այս խայտառակությունն անընդհատ լինելու է, քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխանության։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը