Քաղաքական

22.02.2022 11:26


Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուսաստանի նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,-գրել է Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը