Քաղաքական

21.07.2011 17:46


Ասֆալտ՝ Սերժ Սարգսյանի «խաթեր»

Ասֆալտ՝ Սերժ Սարգսյանի «խաթեր»

Այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնք էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Նրան ուղեկցում էին նաև քաղաքային և մարզային իշխանության ներկայացուցիչները:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը եղել է Ամասիայում նոր բացված կարի գործարանում և ծանոթացել մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Կարի նոր գործարանը պատկանում է «WKS Armenia» ընկերությանը, որն աշխատում է գերմանական կապիտալով:

–Մենք գերմանական ընկերություն ենք, 2007թ. ենք Հայաստան եկել: Մենք կարի գործով ենք զբաղված և ուզում ենք Հայաստանում տեքստիլը զարգացնել,-ասել է ընկերության տնօրեն Քրիստիան Գլիջին:

Իսկ հարցին, թե ինչու է հենց Ամասիայում բացվել գործարանը, Քրիստիան Գլիջին պատասխանել է.

–Մենք ուզում ենք ուժեղացնել Հայաստանի սահմանամերձ շրջանները, որպեսզի մարդիկ այստեղ աշխատանք ունենան: Գյուղերը շատ խեղճ վիճակի մեջ են ու սոցիալական վիճակը հարկավոր է շտկել:

Սերժ Սարգսյանի այցելությունից մի քանի օր առաջ միջմարզային ճանապարհներին մեծ թափով հիմնանորոգման աշխատանքներ էին ընթանում: Հավանաբար տեղական իշխանությունները չէին ցանկացել, որ Սերժ Սարգսյանի ճանապարհորդությունը արտակարգ բնույթ կրի:

Ի դեպ, Գյումրիից Ամասիա և շրջակա գյուղեր տանող ճանապարհների գերակշռող մեծամասնությունը անմխիթար վիճակում է: Այս առումով տեղացիներից մեկը կատակել է. «Էս մեր ճանապարհները սարքելու համար արեք Սերժ Սարգսյանին հրավիրենք Ամասիայի բոլոր գյուղերը. մի քանի օրվա մեջ սաղ ճամփեքին ասֆալտ կփռեն»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը