Տնտեսական

20.02.2022 10:11


Ինֆլյացիան ՀՀ քաղաքացիներին արժեցել է 314 մլրդ դրամ

Ինֆլյացիան ՀՀ քաղաքացիներին արժեցել է 314 մլրդ դրամ

Իրականում այս ոլորտում պատկերը ճնշող է։ Նույնիսկ պաշտոնական տվյալներով, որոնց քչերն են հավատում։ Այսպես, անցյալ տարի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, բնակչության մեկ շնչի հաշվով, ամսական կազմել է 81 դոլար։ Համեմատության համար նշենք, որ մեր հաշվարկներով ՝ Ռուսաստանում (որն այս առումով զգալիորեն զիջում է Արեւմուտքի զարգացած երկրներին), այդ ցուցանիշն անցյալ տարի կազմել է 305 դոլար։ Այսինքն այս ոլորտում գերազանցել է մեր «ձեռքբերումները» 3,8 անգամ։

Բայց նույնիսկ նման չնչին ցուցանիշը որոշակի չափով ապահովվել է նախորդ տարվա ինֆլյացիայով։ Մեր հաշվարկներով ՝ գների աճի պատճառով մարդիկ ապրանքների գնման ժամանակ գերավճարել են 155 մլրդ դրամ (308 մլն դոլար)։ Ծառայությունները քաղաքացիներին արժեցել են ավելի քան 159 մլրդ դրամ (315 մլն դոլար)։

Սակայն «գերավճարի» հնարավորությունը ոչ բոլոր քաղաքացիներն են ունեցել։ Օրինակ, միայնակ թոշակառուները։ Անցած տարի կենսաթոշակի միջին չափը 44 հազար դրամից պակաս էր (մոտ 90 դոլար)։ Սա շա՞տ է, թե՞ քիչ։ Ըստ էության՝ այդ գումարով կարելի է համտեսել հայկական էլիտար «Էրեբունի» կոնյակը (50 տարի հնեցմամբ, 0,75 լիտր շշի համար 889 դրամ արժողությամբ) ։

Ճիշտ է, թոշակը հերիքում է ոչ թե ամբողջ շշի, այլ ընդամենը 37 միլիլիտրով տարողությամբ մեկ փոքրիկ բաժակի։ Իհարկե, թոշակառուների համար նույնիսկ «էժան» սովորական կոնյակը արդեն անթույլատրելի շքեղություն է։ Նրանք պետք է մտածեն ոչ թե կյանքի նման բարիքների, այլ պարզ գոյատեւման մասին։ Մենք արդեն թոշակառուների մի ամբողջ բանակ ունենք՝ 465 հազար մարդ, եւ նրանց մի մասը հույսը դնում է միայն սեփական ուժերի վրա։

Բայց գուցե զբաղված քաղաքացիները ավելի՞ լավ վիճակում են։ Չէ որ, պաշտոնական տվյալներով, միջին անվանական աշխատավարձն անցյալ տարի ամսական կազմել է 255 663 դրամ (507 դոլար), եւ նախորդ տարվա համեմատ ավելացել է 7,6 տոկոսով։

Ի դեպ, շարքային պրոլետարները, տեսնելով այդ թվերը, լրջորեն կասկածում են դրանց արժանահավատությանը։ Չէ որ շատերի համար ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է։

Այսինքն, մոտավորապես կես կենսաթոշակ: Այնպես որ նրանք կարող են միայն երազել կես հազար դոլարի չափով աշխատավարձի մասին։ Եվ գերավճարի միջոցով ապրանքների եւ ծառայությունների իրենց սուղ մակարդակը պահպանելու հնարավորություն նրանք պարզապես չունեն։

Կա նաեւ մեկ այլ պահ։ Ընդհանուր ինֆլյացիան հաշվարկելիս՝ սննդամթերքի մասնաբաժինն ընդունվում է 38 տոկոսի մակարդակում։ Այսինքն, միջին հաշվով, այսպիսին է ընտանեկան բյուջեում սննդի ծախսերի մասնաբաժինը։ Ռուսաստանում, օրինակ, այդ ցուցանիշը չի հասնում 30 տոկոսի, իսկ Արեւմուտքի մի շարք զարգացած երկրներում կազմում է մոտ 10-12 տոկոս։

Որքան ավելի բարձր է այդ տոկոսը, այնքան ավելի ցածր է բնակչության կենսամակարդակը։ Սննդամթերքի ծախսերի բարձրացման դեպքում ընտանեկան բյուջեում ավելի քիչ գումար է մնում այլ ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների գնման համար։ Արդյունքում կյանքի որակը էլ ավելի է վատթարանում։ Վերը նշված 38 տոկոսը միայն միջին ցուցանիշն է։ Կան բավականին ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ, որոնք սնունդ գնելիս ծախսում են իրենց բյուջեի գերակշիռ մասը։ Այնպես որ նրանց համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե ընդհանուր ինֆլյացիան, այլ ագրոինֆլյացիան (սննդամթերքի գների դինամիկան), որը նախորդ տարվա դեկտեմբերին հասել էր երկնիշ թվի՝ 11,2 տոկոսի։ Շատ ընտանիքներին տրնսֆերտներով օգնում են արտերկրում գտնվող նրանց հարազատները (Հայաստանում արտասահմանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն ավելացել են․ ո՞ր երկրներն են առաջատար (news.am))։

Սակայն մեր հասարակության մի մասը չունի լրացուցիչ եկամուտ (կամ խնայողություններ), որպեսզի պահպանի ապրանքների եւ ծառայությունների սպառման իր նախկին մակարդակը։ Նրանք, ովքեր չեն կարող գերավճարել, պարզապես ստիպված են հրաժարվել այլ ապրանքների եւ ծառայությունների գնումից։ Թվում է, թե գնաճի դեմ պայքարելն անհնար է ։ Չէ որ այն համաշխարհային բնույթ է կրում։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք տեղական նրբությունները ներմուծման, տեղական արտադրության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում։ Այն է՝ ինֆլյացիայով քողարկվող գները բարձրացնելու անազնիվ կոմերսանտների ցանկությունը։ Մանավանդ որ գների նկատմամբ պետական վերահսկողություն չկա։

Պետության կողմից ձեւականորեն բարձր խտությամբ կարգավորվում է միայն բնական մենաշնորհների ոլորտում, ինչպես նաեւ մի քանի ապրանքային շուկաներում՝ ընկերությունների գործունեությունը։ Բայց թե ինչպես է դա կարգավորվում, գիտեն բոլորը։ Ըստ էության՝ մրցակցությունը նպաստում է գների նվազմանը։ Իսկ գործնականում այդ ոլորտում մեզ մոտ լիակատար կամայականություն է տիրում։ Պատահական չէ, որ առեւտրային ընկերությունների շատ ցուցանիշներ թաքնվում են հասարակությունից՝ իբր առեւտրային գաղտնիքի պատրվակով։ Օրինակ, մեզ հայտնի չէ մանրածախ ցանցում առեւտրային գների բարձրացման մեծությունը։ Կամ, օրինակ, կարեւորագույն մթերքի՝ հացի, արտադրության ինքնարժեքը, որն անցյալ տարի թանկացել էր գրեթե մեկ տասներորդ մասով։

Այնպես որ, հարց է առաջանում՝ այդ երեք հարյուր միլիարդ դրամից որքա՞ն գերավճար է առաջացել օբյեկտիվ ինֆլյացիայի հետեւանքով, իսկ որքա՞ն է «գործարարների»՝ լրացուցիչ օգուտ ստանալու ցանկությունը։

Սմբատ Գրիգորյան

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը