Քաղաքական

18.02.2022 20:14


Ադրբեջանցիները կրակում են, թույլ չեն տալիս, որ գյուղտեխնիկան մտնի Բերդաշեն համայնքի վարելահողեր․ Արմեն Աբալյան

Ադրբեջանցիները կրակում են, թույլ չեն տալիս, որ գյուղտեխնիկան մտնի Բերդաշեն համայնքի վարելահողեր․ Արմեն Աբալյան

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դարձել է սահմանամերձ։ Գյուղի վարելահողերն ու այգիները ձգվում են շփման գծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Բերդաշենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Աբալյանը։

«Գյուղի դաշտային հատվածը՝ վարելահողերն ու այգիները, գրեթե ամբողջութայմբ դիտարկվում են ադրբեջանական դիրքից։ Իսկ 2,5 կմ խորությամբ, շուրջ 68 հա վարելահող չեն թույլատրում մշակենք։ Ռուս խաղաղապահներն ասել են՝ այդ հատվածը որպես անվտանգության գոտի է ծառայում, չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել»,-ասում է Աբալյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մարդիկ վտանգավորությունը մի թողնելով՝ փորձեն մշակել, չեն կարող, քանի որ խստիվ արգելված է, որ գյուղատնտեսական տեխնիկա մտնի այդ հատվածը։

«Իրենց այգիներում մարդիկ մեկ-մեկ գնում, աշխատում են, չեն սպասում, որ խաղաղապահը գա։ Մինչև տեղեկացնում ենք, Ստեփանակերտից գալիս են, շատ ժամանակ ենք կորցնում։ Ներկայացուցչություն, որ գալիս էլ է, մի ուղղությամբ են հսկում, մաս-մաս մինչև անում ենք, հետ ենք ընկնում։ Առանց այդ էլ՝ աշխատանքները շատ են դանդաղել»,-նշում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Աբալյանն ասում է՝ գրեթե միշտ, երբ մարդիկ իրենց այգիները փորձում են մշակել՝ չսպասելով խաղաղապահներին, ադրբեջանական դիրքից սպառնում են ու ստիպում հետ գնալ։

«Գյուղի արոտավայրերը, բարեբախտաբար, գյուղի հակառակ կողմում են, մարդիկ գոնե անասուն պահելով կարողանում են որոշ չափով հոգալ իրենց հոգսերը»,-նկատում է Աբալյանը։

Անասնագողության դեպքեր Բերդաշենում ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո են եղել։ Դրանից հետո բնակիչներն աչալուրջ են՝ առանց հովվի հսկողության անասուններին արոտ չեն թողնում։

Բերդաշենում խնդիր է թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը։ Խմելու ջուր գյուղացիները 4 օրը մեկ են ունենում՝ մի քանի ժամով։ Հիմա արտեզյան հոր են ուզում բացել, որպեսզի կանոնավոր ջուր ստանան բերդաշենցիները։ Իսկ ահա ոռոգման ջրի խնդիրն ավելի լուրջ է․ Բերդաշենի վարելահողերն ու այգիները Կարկառից եկող ջրով էին ոռոգվում։ Հիմա թշնամու հսկողության տակ անցած ջրատարով, ինչպես և մյուս բոլոր դեպքերում, ջրի ելքը փակ է։

Աբելյանը նշում է՝ դրա հետևանքով այգիները չորանում են։ Ոռոգման այլընտրանքային տարբերակ են մշակում հիմա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լիահույս է, որ կառուցվող ջրամբարն այդ հարցը մասամբ կլուծի։

Արմեն Աբելյանը շեշտում է՝ նախքան պատերազմը մեկ հա խաղողայգուց շուրջ 10 տոննա խաղող էին ստանում, իսկ ցորենի ու գարու ամբարները տարին բոլոր լիքն էին։

Այս խորագրի վերջին նյութերը