Քաղաքական

18.02.2022 13:55


Արցախի ԱԺ-ն ՄԽ համանախագահներին կոչ է անում անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը

Արցախի ԱԺ-ն ՄԽ համանախագահներին կոչ է անում անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նախագիծն ընդունվել է 30 կողմ ձայնով։

Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 1988 թվականի փետրվարյան օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այնտեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային միության հայ ժողովրդների հետագա տարեգրությունը:

«Տասնյակ հազարավոր մարդիկ օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները Ստեփանակերտում և այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը` հայկական մարզը Հայաստանին վերամիավորելու մի քանի սերունդների չիրականացված երազանքը:

Համաժողովրդական օրեցօր թափ առնող շարժումը իսկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչը աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին` նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի` ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում: ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից հանելու և Հայաստանի ԽՍՀ-ի վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումը ազդարարեց Արցախյան ազգային ազատագրական պայքարի նոր փուլը` Ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ, իրավական ճանապարհով առաջ տանելու, Արցախի ժողովրդի վճռականությունը:

Ցավոք, Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը ունակ չեղավ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը և արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության և Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղությունների ցանցում:

Երկրամասի բնակաչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախը իրավմամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ: Ղարաբաղյան շարժման ալիքը տարածվեց ամբողջ աշխարհում և հայության բոլոր հատվածների կազմակերպված պայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու հանրապետությունները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքին ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին: Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել` 1991-94 թվականների, 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ընթացքում:

Արցախի Հանրապետությունը այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը իրենց անմար հիշատակի առջև»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախի ԱԺ հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 34 տարիներին Արցախը անցել է կայացման ու զարգացման, հաղթանակների ու անհաջողությունների մի երկար ուղի և այդ ընթացքում ամրապնդվել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ:

«Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հավատարմությունը 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը` պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը»- նշվում է հայտարարության մեջ:

Արցախի Ազգային ժողովը միջազգային շահագրգիռ կառույցների և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում:

«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել և ԵԱՀԿ-ից ստացված մանդատին համապատասխան Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով: Հենց այդ նպատակով արցախահայությունը 1988 թվականին սկսել իր ազատագրական պայքարը և պատրաստ է շարունակել այն վերջանական նպատակին հասնելու վճռականությամբ»,-հայտարարեց Արցախի Ազգային ժողովը:

Այս խորագրի վերջին նյութերը