Մեկնաբանություն

18.02.2022 12:14


Ինչու է Նիկոլ Փաշինյանը պաշտպանում Ալիևի թեզերը

Ինչու է Նիկոլ Փաշինյանը պաշտպանում Ալիևի թեզերը

Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացող ու հավաքվածներից ծափահարություններ կորզող Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով «հիմնավորում» է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Ալիևն այլևս անելիք չունի, քանզի, ինչպես ճիշտ նկատեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի նախագահը պարազապես կարող է միջազգային բոլոր ասպարեզներում միացնել Նիկոլի խոսքերն ու վերջ։

Նիկոլ Փաշինյանը մտածացին ապացույցներ է ներկայացնում, թե, իբր, Հայաստանը բազմիցս ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Երեկ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նիկոլական ստերից մեկին՝ հիմնավորապես ապացուցելով, որ քայլարածների կողմից շահարկվող Ստամբուլյան փաստաթղթում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքը։

Նիկոլական ստին անդրադարձել էր նաև լրատվամիջոցներից մեկը, որին չես համարի, այսպես ասած, քոչարյանական և կրկին հանգել այն եզրակացության, որ Նիկոլը ստում է և մանիպուլյացիաներով զբաղվում։

Նիկոլի ստախոսությունը նորություն չէ։ Բայց տվյալ դեպքում պետք է հասկանալ նրա մոտիվացիան։

Նիկոլն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել, և որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու թեման նախկին իշխանություններն են, պատկերավոր ասած, իր գրպանը գցել։ Դա, իհարկե, լկտի սուտ է, բայց ինչո՞ւ է Նիկոլն այս պահին դիմում այդ ստին։

Ինչո՞ւ է «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացող «ռազմահայրենասերը» հիմա դարձել Ադրբեջանի փաստաբանը, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնողն ու թուրքական նախապայմանների «վկան»։ Այս հարցի պատասխանը հստակ է։ Նիկոլը ստում է, քանզի համաձայն է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս ու հիմա քարոզչական նախապատրաստական աշխատանքներ է կատարում։ Ասել է թե՝ Նիկոլն իր անելիքը ներկայացնում է որպես ստացած ծանր ժառանգություն, որպեսզի հետո կրկին դիմի «Ես թիվ մեկ պատասխանատու եմ, բայց ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը» դեմագոգիկ բանաձևի օգնությանը։

Նիկոլն ընտրել է թուրքամետ գիծը, քանզի միայն այդ տարբերակում է տեսնում իր կաշվի փրկությունը։

Թուրքիան հայտարարել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր դետալները համաձայնեցվելու են Ադրբեջանի հետ։ Նիկոլը համաձայնել է այդ բանաձևին։ Իսկ դա նշանակում է, որ համաձայնել է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում ու հիմա ընդամենն էժանագին «կռուտիտներ» է անում՝ սեփական դավաճանությունը քողարկելու համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը