Քաղաքական

16.02.2022 14:17


Արցախում ադրբեջանցիները զենքի սպառնալիքով վռնդել են խաղողի այգիները մշակող գյուղացիներին

Արցախում ադրբեջանցիները զենքի սպառնալիքով վռնդել են խաղողի այգիները մշակող գյուղացիներին

Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ փետրվարի 16–ին, զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

«Չեն թողնում մեր բնակիչներին աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են, որ այլևս չգան այդ տարածքներ։ Այդ պահին ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցիները մեր գյուղացիներին զենքի ազդեցության տակ վռնդել են այգիներից, բայց կրակոց չի եղել»,-ասաց Զորիկ Աբրահամյանը և հավելեց, որ այդ մասին տեղեկացրել է վերադաս մարմիններին։

Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի բնակիչները, այլև հարևան գյուղի բնակիչները։

«Գյուղացիները անասնապահությամբ, այգեգործությամբ են զբաղվում, հիմա ստացվում է, որ նրանք զրկված են իրենց եկամտի աղբյուրից»,-ասաց Խրամորթ գյուղի ղեկավարը։

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:

Այս խորագրի վերջին նյութերը