Քաղաքական

15.02.2022 21:37


Ադրբեջանական դիրքից հրազենով կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանական դիրքից հրազենով կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից փետրվարի 15-ի ժամը 15:30-ի սահմաններում հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: Այս մասին հայտարարությամբ տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

Ըստ աղբյուրի՝ ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը