Մեկնաբանություն

14.02.2022 09:44


Նիկոլ Փաշինյանը՝ լրտեսական ցանցի գաղափարախոս և ոգևորող

Նիկոլ Փաշինյանը՝ լրտեսական ցանցի գաղափարախոս և ոգևորող

Օրերս ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 19–հոգանոց լրտեսական ցանց է հայտնաբերել։

«ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ»,– մասնավորապես նշված էր ԱԱԾ հայտարարության մեջ։

Անվտանգության մարմինները հայտնում էին, որ լրտեսական խումբը գործել է հայկական զինված ուժերում։

Այլ պայմաններում սա գերսենսացիոն լուր պետք է դառնար, բայց ոչ «նոր» Հայաստանում։ Հիմա այդ լուրը դարձավ մեկ օրվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա թեմա ու կորավ։ Մարդիկ անտարբեր են դարձել ու չեն զարմանում նման բաներից։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հետևանքները

Կան մարդիկ, ովքեր չեն հավատում ԱԱԾ–ի հայտարարությանը՝ հիմնավորելով, որ Նիկոլի ԱԱԾ–ն հերթական «մուտիլովկան» է անում ու հերթական պատվերը կատարում՝ փորձելով վարկաբեկել բանակին։

Մարդկանց մյուս մասն էլ, հիմք ընդունելով ԱԱԾ–ի տարածած հաղորդագրությունը, որոշակի եզրահանգումներ է անում։

Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, արդեն էական չէ։ Էականն այն է, որ մեր երկրում կա դավաճանական մթնոլորտ։

Մենք հիմք ենք ընդունում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ հայկական զինված ուժերում և ընդհանրապես մեր երկրում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ հայկական բանակում ծառայողը մի քանի հարյուր դոլարի դիմաց վաճառում է հայրենիքը։ Նման բան հնարավոր է միայն Նիկոլի իշխանության պարագայում։ Հենց նա՛ է դավաճանության ու փողի դիմաց հայրենիքը վաճառելու գաղափարախոսն ու ոգևորողը։

Նիկոլենք աճուրդի են հանել Արցախն ու Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով՝ նաև Հայաստանը՝ հանուն Թուրքիայի հետ քիրվայության ու իրենց իշխանության պահպանման։ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով «հիմնավորում» է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։

Նիկոլը չի հերքել Ալիևի հայտարարություններն այն մասին, որ ինքը 2018–ից սկսած Ադրբեջանի նախագահից ժամանակ է խնդրել՝ սեփական իշխանությունը Հայաստանում ամրապնդելու և Ղարաբաղի հողերը զիջելու դիմաց։

Օդում կախված են մնացել լուրերն այն մասին, որ Ադրբեջանը 5 միլիարդ դոլար է առաջարկել Նիկոլին՝ Ղարաբաղը հանձնելու դիմաց։

Նիկոլենց թիմը թուրքերի հետ քիրվայություն է քարոզում, հայտարարում, որ մեր զինվորներն Արցախում զոհվել են հանուն ոչնչի։

Նիկոլը քաղաքական գործիչ է դարձել հակաղարաբաղյան քաղաքական միջավայրում, որտեղ անբարոյականությունը քաղաքական գործչի միակ սկզբունքն է հռչակված։

Այս ամենը չէր կարող չհանգեցնել դավաճանական տրամադրվածության։

Նիկոլենք հայրենիքի գաղափարը ոչնչացրեցին ու առաջ քաշեցին նյութի գաղափարը։ Այս պայմաններում դավաճանության համար պարարտ հող է ստեղծվում։

Մարդիկ տեսնում են, որ Նիկոլը «փուռը տվեց» Արցախն ու մարսեց։ Մարդիկ տեսնում են, որ Նիկոլն Ադրբեջանի օգտին քարոզ է տանում ու դեռ մնում է իր աթոռին, հետևաբար իրենք ինչո՞ւ չպետք է ծախեն հայրենիքը՝ փողի դիմաց։ Ահա այսպես են մտածել լրտեսական ցանցի անդամներն ու դավաճանությամբ զբաղվել։

Նիկոլը վերացրել է պետության գաղափարն ու նպաստավոր միջավայր ստեղծել լրտեսական ցանց ձևավորելու համար։

Քանի դեռ մեզանում կան թուրք–ադրբեջանական ազդեցության գործակալներ, որոնք հանդես են գալիս պետական բարձրաստիճան պաշտոնյայի, կուսակցապետի, փորձագետի, քաղակԾիվիստի, «արևմտամետի» պիտակի տակ, 400 դոլարով հայրենիքը դավաճանողներ միշտ էլ կգտնվեն։ Դասալիքների ու քիրվայականների իշխանության պայմաններում լրտեսներն առավելևս կվխտան։ Ձուկը գլխից է հոտած։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը