Աշխարհ

13.02.2022 20:34


ԵԱՏՄ-ն պատրաստ է ընդլայնել համագործակցությունն Ադրբեջանի հետ․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ-ն պատրաստ է ընդլայնել համագործակցությունն Ադրբեջանի հետ․ ՌԴ ԱԳՆ

Եվրասիական միությունը յուրաքանչյուր երկրի հետ պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով, սակայն փոխգործակցության մակարդակը բարձրացնելու որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այն պետությունների համար, որոնք շահագրգռվածություն են հայտնում նրա հետ շփվելու։ Մոսկվան ողջունում է ԱՊՀ անդամ երկրների ցանկությունը՝ ներգրավվել ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներում։

Այս թեմայի նկատմամբ Բաքուն հետաքրքրություն է ցուցաբերել անցյալ տարվա դեկտեմբերին։

«Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր պետություններին»,-ասել է Եվդոկիմովը։

Միաժամանակ նա նշել է, որ միության հետ փոխգործակցության մակարդակը բարձրացնելու որոշումը կայացվում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համապարփակ վերլուծության արդյունքների հիման վրա։

Ռուսաստանն իր հերթին գործընկերներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը