Քաղաքական

10.02.2022 21:01


«Սպասելի որոշում էր». Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց

«Սպասելի որոշում էր». Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանը նշեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի այդ որոշումը։

Ասլանյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը, սակայն դատարանը մերժել էր։

«Սպասելի որոշում էր։ Դեռեւս նախկին քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ դատավորին չի հետաքրքրում՝ ինչ է տեղի ունենում դատական նիստերի դահլիճում, կապ չուներ քննարկումը տեղի ունեցողի հետ։ Ի դեպ, դատավորը նախկինում կայացրած որոշման մեջ անմեղության կանխավարկած էր խախտել։ Դատավորը ժամանակին քննարկել էր նաեւ կալանավորման հարցը, որը նույնպես բավարարել էր։ Այս առումով դատավորն իր քիմքին հաճելի որոշում է կայացրել»,-ասաց Վարոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Այս խորագրի վերջին նյութերը