Քաղաքական

09.02.2022 14:44


«Դրոշի գործը» կքննի իշխանության «սրտի» դատավոր Կարեն Ֆարխոյանը. ուշագրավ փաստեր նրա մասին

«Դրոշի գործը» կքննի իշխանության «սրտի» դատավոր Կարեն Ֆարխոյանը. ուշագրավ փաստեր նրա մասին

Փետրվարի 9-ին Կենտրոնի նստավայրում սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այդ դատական նիստում քննվելու է Այլընտրանք ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Դատը նախագահելու է դատավոր Կարեն Ֆարխոյանը: Ինչպես ճիշտ նկատում են փաստաբանները, հատկապես վերջին շրջանում պետք է նայել ոչ թե բուն գործին, այլ այն քննող դատավորին:

Այսպես, մի կողմ թողնենք գործի մանրամասներն ու կալանավորման հիմքերը, ներկայացնենք, թե ով է դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Կարեն Ֆարխոյանը որպես «քաղաքական հրահանգներ» կատարող դատավոր հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերից, երբ վերջինիս որոշմամբ կալանավորվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ֆարխոյանը նախ ոչ իրավաչափ էր ճանաչել Արսեն Բաբայանի ձերբակալումը, ապա բավարարել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Հետագայում մամուլը գրեց, որ սա հետո իր գինն է ունեցել: Այսպես, դեռևս 2020թ. փետրվարին կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում էր նաև դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս ևս կալանավորվել էր, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հետաքրքիր է, որ հենց դատավոր Կարեն Ֆարխոյանն է բավարարել կապիտուլյացիայից հետո ցույցերին մասնակցող հասարակական-քաղաքական գործիչների բնակարանները խուզարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները:

Դրանից հետո արդեն մամուլը գրեց, որ Կարեն Ֆարխոյանը հանդիպել է Փաշինյանի հետ, որպեսզի Ֆարխոյանը յուրային դատավորների ցուցակ կազմի:

Սույն դատավորի անունը շրջանառվեց նաև վերջին շրջանում, երբ նրան մակագրվեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը:

Այսպես, Ռոբերտ Սուքիասյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ամռանը Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի ժամանակ ԱՄՆ մի քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում: Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր, ապա դատավոր Ֆարխոյան Կարենի որոշմամբ գրավով ազատ էր արձակվել, դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը Վերաքննիչ դատարան:

Ու մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, միջադեպի առթիվ բուն գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, որտեղ էլ դատավոր Կարեն Ֆարխոյանը անդրադարձել էր Սուքիասյանի խափանման միջոցի հարցին ու նորից գրավ կիրառել։ Այսինքն, այն հանգամանքը, որ գրավի կիրառումը բողոքարկվել է, այն պետք է քննվի վերաքննիչ դատարանում, Ֆարխոյանին չեր կաշկանդել նորից գրավ կիրառել:

Հիմա հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնի Ֆարխոյանը Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի հետ կապված: Ընդամենը հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է կապիտուլյացիայի գիշերը կառավարության շենքում դրոշ ծածանելու համար, իսկ Սուքիասյանի եղբայրը՝ ըստ մեղադրանքի՝ Երևանի կենտրոնում զենքի կիրառմամբ խուլիգանություն անելու համար:

Նաև նշենք, որ նա դատավորների վարկանիշավորման համակարգում զբաղեցնում է վերջից չորրորդ հորիզոնականը՝ բացասական՝ -6 ցուցանիշով:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը