Քաղաքական

08.02.2022 13:33


Դատավորների քաղաքական հետապնդումներն արվում են պրն․ Փաշինյանի ուղղակի ցուցումով․ Հայկ Ալումյան

Դատավորների քաղաքական հետապնդումներն արվում են պրն․ Փաշինյանի ուղղակի ցուցումով․ Հայկ Ալումյան

Ցանկացած դատավոր, որը կայացնում է որոշում, որը տվյալ պահին քաղաքական իշխանությունների քաղաքական նպատակներին հակասում է, այդ դատավորը ամենածանր պատասխանատվության կարող է ենթարկվել՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Եթե մինչև այս սահմանափակվում էին կարգապահական պատասխանատվության միջոցներով, ապա Բորիս Բախշիյանի դեպքում քաղաքական նկատառումներով դատավորին սկսեցին հետապնդել այն բանի համար, որ ինքն ազատ արձակեց մի մարդու, որը ո՛չ խուսափելու էր դատավարությանը մասնացելուց, ո՛չ էլ հիմքեր կան ասելու, որ ազդեցություն է գործելու դատավարության մասնակիցների նկատմամբ՝ Սիսական ջոկատի հրամանատարին ազատ արձակելու մասին է խոսքը։ Իսկ ո՞վ ասաց, որ դատավարության ընթացքում նա անպայման պետք է կալանքի տակ լինի»,-նշեց փաստաբանը։

Նա համոզված է, որ դատավորի հանդեպ քրեական հետապնդում սկսելու պատճառն այն է, որ նրա որոշումը պրն․ Փաշինյանի սրտով չէր։

«Որովհետև այսօր այդ կարգի հետապնդումներն արվում են միայն ու միայն պրն․ Փաշինյանի ուղղակի ցուցումներով, այսօր ուրիշ ոչ ոք այդ հարցին ի վիճակի չէ այդ ձևով ընթացք տալ»,-ասաց Ալումյանը։

Նրա համոզմամբ, ցանկացած դատավոր այսուհետ չի ունենալու համոզմունք, որ ինքն էլ չի ենթարկվելու քրեական հետապնդումների։

«Եվ ինչքան շատ դատավորն ունի քրեական հետապնդումների ենթարկվելու հնարավորություն, այնքան ավելի է կախված լինելու այդ պատվերն իջեցնողներից և դատարան բերողներից՝ դատախազությունից և վարչապետից»,-ասաց Հայկ Ալումյանը։

Այս սխեման, նրա խոսքով, առաջին անգամ փորձարկել են դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը