Մեկնաբանություն

07.02.2022 15:04


Նիկոլը շարունակում է կատարել Ալիևի հրահանգները

Նիկոլը շարունակում է կատարել Ալիևի հրահանգները

44–օրյա պատերազմի նախօրեին Ալիևը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել, որպեսզի Հայաստանի ներսում ամրապնդի իր իշխանությունը և դրանից հետո գնա Ադրբեջանին զիջումների։

Նիկոլը խոստացավ պատասխանել Ալիևին ու, իր խոսքով, Ադրբեջանում ներքաղաքական ցնցումներ առաջացնել, սակայն այդ «ցնցող» հարցազրույցն այդպես էլ եթեր չգնաց։ Փոխարենը հանձնվեց Արցախի պետականությունը, հանձնվեցին Արցախի տարածքները և ունեցանք հազարավոր զոհեր։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանն ի վերջո կատարեց այն, ինչն ուզել էր Ալիևը, բայց դա արեց արյամբ, որպեսզի, ինչպես հետո ինքը խոստովանեց, չասեն «Նիկոլ դավաճան»։

Նիկոլը չէր ուզում, բայց այդպես ստացվե՞ց, թե՞ նախապես էր այդպես պլանավորվել, «հերձումը» ցույց կտա։ Էականը տվյալ դեպքում այն է, որ կատարվեց Ալիևի ուզածը։

Ալիևի նոր հրահանգները

Պատերազմից հետո Ալիևը մտել է ՀՀ տարածք ու դիմադրության չի հանդիպել։ Նա ասել է, որ Գորիս–Կապան ճանապարհի 21–կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանինն է ու Նիկոլն՝ իր ուսապարկերով հանդերձ, սկսել է պաշտպանել մեր թշնամիների էյվազլիական իրավունքները։

Պատերազմից հետո Ալիևը նաև հայտարարեց, որ ՀՀ–ն պետք է փոխի իր Սահմանադրությունն ու հրաժարվի Արցախից էլ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից էլ։ Նիկոլը հիմա դա անում է մեծ էնտուզիազմով ու հետևողականորեն։ Նա ամեն օր ապացուցում է (օրերս էլ դա արեց իր ուսապարկերից մեկի անունից), որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։

Նիկոլը նաև սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել՝ ստեղծելով ուսապարկերով ու բազմակի օգտագործման հաճախորդներով լցված հանձնաժողով։

Դատավորների հետևից ընկնելն ու երկրում բռնապետություն ձևավորելու փորձերը նույնպես արվում են Թուրքիային ու Ադրբեջանին բավարարելու համար։

Նիկոլը գիտի, որ գնալու է խայտառակ զիջումների ու Հայաստանը դարձնի թուրք–ադրբեջանական զույգի «պոլի շոր», ու դրա համար էլ հարձակվել է Հայաստանում մասամբ գործող դատական համակարգի դեմ։ Ու քանի որ Նիկոլի թուրքական օրակարգն ընդունելի է հակառուսական շրջանակներին, ուստի Արևմուտքն աչք է փակում Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով հետզարգացումների, մեզանում բռնապետական ռեժիմ ձևավորելու գործընթացի վրա։ Ավելին՝ արևմտյան կառույցները, մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցները քաջալերում են Նիկոլի ապօրինությունները, քանզի տվյալ դեպքում արժեքները ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին։

Հարկ է արձանագրել, որ ժողովրդավարական արժեքներին ավելի մեծ հարված, քան ԵՄ հայաստանյան ներկայացուցիչն ու նրա գործընկերները հասցրեցին Հայաստանում, չի հասցրել ոչ մեկը։

Հայաստանը Նիկոլի ձեռքերով դրվել է աշխարհաքաղաքական մրցակցության զոհասեղանին, ավելի կոնկրետ՝ թուրքական նախագծի անիվների տակ։

Դատական համակարգը և լրատվական դատշն այն ամրոցներն են, որոնք դիմադրում են Նիկոլի թուրքամետ գործողություններին։ Կռիվն այստեղ պետք է տալ, բայց ստեղծված իրավիճակի վերջնական ու ամբողջական լուծումը քաղաքական դաշտում է, և ընդդիմությունը պարտավոր է համարժեք լինել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը